Բաքվում լրջորեն զգուշանում են


 

Բաքվում լրջորեն զգուշանում են

  • 13-01-2026 12:59:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Axsios-ը, հղելով Սպիտակ տան իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ անցած կիրակի Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին կապվել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ և անձնական հանդիպման առաջարկ փոխանցել: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այդ տեղեկությունը հունվարի 12-ին անուղղակիորեն հաստատել է : «Երևում է, նրանք (իրանցիները) հոգնել են ապտակներ ուտելուց և բանակցությունների ազդակ են հղել: Խնդիրն այն է, թե դրանք երբ կարելի է սկսել: Կարծում եմ, դրան պետք է նախորդի մեր գործողությունը»,- լրագրողներին ասել է Թրամփը:
 
Անվտանգության և Իրանի ու Մերձավոր Արևելքում «շիադավան առանցքի» հարցերով իսրայելցի փորձագետ Դենիս Ցիտրինովիչը «Եդիոտ ահրոնոտ» պարբերականի համար մեկնաբանելով Իրանի շուրջ իրավիճակը, կարծիք է հայտնել, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենեին «ոչ մի դեպքում, նույնիսկ իշխանության փլուզման սպառնալիքի տակ չի համաձայնի «գործարքի» ամերիկյան պայմաններին»:
 
Փորձագետը հրապարակայնացրել է, որ տարեվերջին Իսրայելի վարչապետը «կարողացել է ԱՄՆ նախագահին համոզել, որ սպառնալիք է ոչ միայն Իրանի միջուկային, այլև հրթիռային ծրագիրը»: Ցիտրինովիչը պարզաբանել է, որ Իրանի կողմից զանգվածային արտադրության նախապատրաստվող «մեկ տասնյակ հրթիռի հարվածային հզորությունը միջուկային ռմբակածությանը գրեթե համարժեք է»:
 
Իրանը տարիներ ի վեր պնդում է, որ միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի, բայց հրթիռային ծրագրից երբեք եւ ոչ մի պայմանով չի հրաժարվի: Իսրայելցի փորձագետը համոզված է, որ Իրանը թևակոխել է ներքին կյանքի մի փուլ, երբ կրոնապետությունն «այլևս չի կարող ապավինել հանրային-համազգային համերաշխությանը և դժգոհության սլաքներն ուղղել դեպի արտաքին թշնամին»: Նա համոզված է, որ ԱՄՆ-ը «կդիմի ուժի կիրառման, եթե Իրանի հոգևոր առաջնորդի շրջապատի պրագմատիկ գործիչները, առաջին հերթին՝ նախագահ Փեզեշքիանը, նրան չտարհամոզեն»:
 
Այս ֆոնին ադրբեջանական Globalinfo կայքը տեղեկություն է տարածել, որ անվտանգության հարցերով ամերիկացի հայտնի փորձագետ Լյուկ Քոֆին թելեգրա-ալիքում տեղադրել է Ադրբեջանի պետական դրոշի լուսանկարը և կից գրառում կատարել. «Պատրաստ եղեք»: Բաքվի լրատվամիջոցը եզրակացրել է, որ այդ գրառումը հուշում է «տարածաշրջանում դրամատիկ իրադարձությունների անխուսափելիությունը»: Ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ քննարկում են «Հարավային Ադրբեջանի» խնդիրը: Լրագրող-քաղաքական վտարանդի Միրկադիրովը Բաքվի գործող իշխանություններին քննադատել է «Իրանի մոլլապետության հետ քաղաքական գործարքի մեջ մտնելու և ադրբեջանցի եղբայրների ու քույրերի շահերը մոռացության մատնելու» մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը