Իրանի մշտական ներկայացուցչությունը կոչ է արել ՄԱԿ-ին դատապարտել ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքը
14-01-2026 11:49:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված իր նամակում կոչ է արել կազմակերպությանը դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի նկատմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրավանիի նամակը հրապարակվել է X սոցիալական հարթակում։
«Գլխավոր քարտուղարը, Անվտանգության խորհուրդը և, մասնավորապես, դրա պատասխանատու անդամները պետք է կատարեն իրենց պարտականությունները, որոնք բխում են կանոնադրությունից՝ միանշանակ դատապարտելով բռնության հրահրման, ուժի կիրառման սպառնալիքների բոլոր ձևերը և Միացյալ Նահանգների միջամտությունը Իրանի ներքին գործերին», - ասվում է Իրավանիի նամակում։
Իրանի մշտական ներկայացուցիչը կարծում է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները դրդում են «քաղաքական անկայունության» և «սպառնում Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ազգային անվտանգությանը»։
Նրա կարծիքով՝ այդ ամենը «ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների աղաղակող խախտում» է։Իրավանին նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը «ուղղակի և անհերքելի իրավական պատասխանատվություն են կրում անմեղ քաղաքացիական անձանց, հատկապես երիտասարդների, զոհվելու համար»։
«Մենք համառորեն կոչ ենք անում ԱՄՆ-ին և իսրայելական ռեժիմին անհապաղ դադարեցնել ապակայունացնող քաղաքականությունն ու գործելակերպը և լիովին կատարել միջազգային իրավունքի իրենց պարտավորությունները», - հայտարարել է Իրավանին։