Ներդրվել է վարձատրության նոր ինստիտուտ. Փաշինյանը՝ իր և պաշտոնյաների պարգևատրումների մասին


 

Ներդրվել է վարձատրության նոր ինստիտուտ. Փաշինյանը՝ իր և պաշտոնյաների պարգևատրումների մասին

  • 15-01-2026 14:13:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կատարողականի հիման վրա ներդրվել է վարձատրության նոր ինստիտուտ, որի ներդրումն ունի մի քանի նպատակ: Նպատակներից առաջինը Կառավարության գործունեությունը և դրա ծրագրի իրականացումն առավել արդյունավետ դարձնելն է, և սա նաև 2018 թվականից մեր որդեգրած «զրո կոռուպցիա» և «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է, որովհետև մենք որդեգրել ենք անբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը: Այդ տեսլականն իրականացնելու և Կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար մենք այդ որոշումն անհրաժեշտ ենք համարում: Սա հիմնավորումներից մեկն է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Հաջորդ հիմնավորումն այն է, որ մենք պետք է պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը շարունակաբար բարձրացնենք, որովհետև տեսնում ենք, որ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր հատված, և ընդհակառակը՝ մասնավոր հատվածից նույնիսկ բարձրաստիճան աշխատանքների հրավիրված մարդիկ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում ընդունել առաջարկը, ինչքան էլ ուզում են:
 
Հաջորդ հիմնավորումն այն է, որ մենք վերջին շրջանում նկատում ենք միտումներ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները որոշակիորեն իրենց իրավունքները պաշտպանելու առումով պրոբլեմներ են ունենում, որովհետև հատկապես ապատեղեկատվության պայմաններում շատ պաշտոնյաներ պարզապես չեն կարողանում իրենց իրավունքները դատական կարգով պաշտպանել, որովհետև ունեն ֆինանսական սահմանափակումներ:
 
Մենք դեպքեր ունենք, երբ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար դատարանի որոշումներով հասել են լուծումների, բայց, ասենք, 1 մլն, 1,5 մլն դրամ գումար են ծախսել, բայց դատարանները նրանց փոխհատուցել են դատական ծախսերի 10-20 տոկոսը:
 
Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք միտումներ, երբ հայտնի շրջանակները բազմամիլիոն դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ, և, ըստ էության, մենք սա գնահատում ենք որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք, որովհետև ինչքան էլ կտևեն այդ դատական գործերը, անհրաժեշտ է իրավական պաշտպանություն, իսկ դրա համար՝ ծախսեր»,- ասաց նա:
 
Մեկ այլ գործոն է ՀՀ-ում ակնկալվող ներդրումները: Ըստ Փաշինյանի՝ առաջիկայում Հայաստան են հոսելու մեծ ներդրումներ, և մեծ մրցակցություն է առաջանալու ներդրումային ծրագրեր իրականացնելու համար, և այս առումով կոռուպցիոն ռիսկերն էականորեն կարող են մեծանալ. «Մենք այդ թվում պետական պաշտոնյաներին և պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից»:
 
Մեկ այլ գործոն է կրթվելը, այն է՝ կրթությունը պետք է դառնա ապրելակերպ: Ըստ Փաշինյանի՝ այդ գումարը ստացող պաշտոնյաներն այն պետք է ծախսեն նաև մասնագիտական հմտությունները զարգացնելու վրա. «Այս ամենի արդյունքում պետական համակարգի աշխատանքը պետք է դառնա ավելի շահավետ»:
 
Ինչ վերաբերում է վարչապետի՝ պարգևավճար ստանալ-չստանալուն, ապա, ըստ Փաշինյանի, ինքն այդ համակարգից նախկինում երբեք չի օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ ինստիտուցիոնալ համակարգ է ներդրվում:
 
«Նախկինում եղել է վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդնում ենք մի համակարգ, որն առաջին պիլոտային շրջանն անցնելուց հետո պետք է այդ թվում օրենսդրական ամրագրում ստանա»,- ասաց նա՝ հավելելով, որ այս դեպքում խոսքը պետական ինստիտուտի կայացման մասին է, իսկ պետական ինստիտուտը պետք է իր տրամաբանությամբ, այն է՝ բրգաձև տրամաբանությամբ գործի:
 
«Ես ինքս ինձ չեմ պարգևատրել: Պետական որոշման շրջանակներում ամսական, եթե չեմ սխալվում, 1,5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել: Այս համակարգով 1,5 մլն դրամի վարձատրություն եմ ստացել»,- ասաց նա:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը