«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին հեռացրին ԱԺ շենքից
16-01-2026 13:11:20 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ԱԺ անվտանգության աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին այսօր հեռացրին ԱԺ շենքից: Լրագրողները, որ ավելի վաղ զրկվել էին ԱԺ հավատարմագրումից, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին էին մասնակցում:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, սակայն, հայտարարեց, որ նրանք իրավունք չունեն ներկա գտնվել այդ տարածքում և լուսաբանել նիստը:
Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը պնդեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է անցագիր տրամադրել իրենց, և իրենք այստեղ լուսաբանում են պատգամավորի գործունեությունը: Նրանք նաև պնդեցին, որ դիմել են դատարան, և դատարանի որոշմամբ՝ կարող է չեղարկվել ԱԺ-ի որոշումը չհավատարմագրելու վերաբերյալ: Առաքելյանն արձագանքեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը դեռ հաղթանակ չէ, և այն դեռևս ուժի մեջ չի մտել:
Շենքից հեռացնելու ընթացքում Քնար Մանուկյանը փորձեց ցույց տալ, որ իրենք անցագրով թույլատրելի հատվածներում են միայն եղել, քաշքշուկ սկսվեց: Լրագրողներին հեռացրին շենքից:
«Դուք մեզ զրկել եք հայտարարագրումից ապօրինի: Իրավունք չունեք մեզ շենք մտնելուց զրկել: Կամայական որոշումներ են», - հայտարարեց Մանուկյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հարց տալու համար օրաթերթի լրագրողները մեկ տարով զրկվել են Ազգային ժողովի աշխատանքը լուսաբանելու հավատարմագրից։ «Ազատության» հետ զրույցում նրանք պնդել էին, որ կարգ չեն խախտել: Սա, ըստ լրագրողների, հաշվեհարդար է։
Խորհրդարանը հիմնավորել է, թե դեկտեմբերի 16-ին Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը ՔՊ-ական պատգամավորին հարց են տվել չթույլատրված տեղում ու նրա կամքին հակառակ։
ՔՊ-ականը իր բողոքում առանձին դեպք է հիշատակել, որ լրագրողը միանգամից զրկվի հավատարմագրից: