Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան․ որպես խափանման միջոց կկիրառվի կալանքը
16-01-2026 14:43:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ բեկանվել է նախկինում կայացված որոշումը, որով գործարար ու միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վերջինս չի ներկայացել հունվարի 16-ի դատական նիստին:
Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին կիրառվել է կալանքը երկու ամիս ժամկետով։
Ընդամենը օրեր առաջ՝ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին, Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Սամվել Կարապետյանն այժմ գնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, այնուհետև նրա կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):