Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
16-01-2026 15:00:32 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է ձեռնարկել միջնորդական ջանքեր, աջակցել կառուցողական երկխոսության առաջմղմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը սկզբունքային մոտեցումներ է ներկայացրել հօգուտ քաղաքական-դիվանագիտական քայլերի ակտիվացման՝ ի շահ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման»,– ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու ձեռնարկել համապատասխան միջնորդական ջանքեր և խթանելու կառուցողական երկխոսությունը շահագրգիռ բոլոր պետությունների մասնակցությամբ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։
Նշենք, որ Ռուսաստանի և Իսրայելի ղեկավարների զրույցը տեղի է ունեցել Իրանում ներքաղաքական իրավիճակի սրման և Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։