Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով
16-01-2026 18:22:48 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հունվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի եւ ծրագրերի պատասխանատու Սուսանա Մարտինսի հետ:
Հանդիպման քննարկման առանցքում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցերն էին, որն Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Օրենքների նախագծերի փաթեթի համահեղինակ Մերի Գալստյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով՝ մի շարք քննարկումների եւ միջազգային փորձի խորքային ուսումնասիրության արդյունքում: Նա ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող հիմնական կարգավորումները՝ անդրադառնալով ոլորտի կառավարման եւ վերահսկողության մեխանիզմներին՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը նոր մշակույթ ձեւավորող նոր օրենք է եւ շարունակաբար բարելավման կարիք է ունենալու: Պատգամավորը նշել է նաեւ, որ օրենքի մի շարք դրույթներ ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց՝ պայմանավորված Կառավարության կողմից անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման անհրաժեշտությամբ:
Ֆրանկ Հեսսը շնորհակալություն է հայտնել նման օրենսդրական նախաձեռնության եւ հանդիպման առաջարկը ընդունելու համար: Նա տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ոլորտում ներգրավված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ստացել է մտահոգություններ, հարցադրումներ եւ առաջարկություններ՝ նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կետ առ կետ քննարկել են բարձրացված հարցերը, որոնց առնչությամբ հեղինակի կողմից ներկայացվել են համապատասխան պարզաբանումներ եւ պատասխաններ:
Կողմերն ընդգծել են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ապահովման եւ միասնական իրավական դաշտի ձեւավորման կարեւորությունը:
Անդրադառնալով օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող կենդանիների կացարանների կառուցման չափորոշիչներին, դրանց կառավարման եւ շահագործման կարգին, ինչպես նաեւ կացարաններում իրականացվող պարտադիր միջոցառումներին՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ առաջիկայում կացարանների կառուցում է նախատեսվում Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում:
Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկներ: Համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարելուց հետո օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի երկրորդ ընթերցմամբ քննարկման: