Ամփոփվել է «Կրիպտոարժույթներից մինչև Web3 տեխնոլոգիաներ» խորագրով դասընթացը


 

Ամփոփվել է «Կրիպտոարժույթներից մինչև Web3 տեխնոլոգիաներ» խորագրով դասընթացը

  • 16-01-2026 19:55:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության աշխատակիցների և ենթակա մարմինների համար կազմակերպված «Կրիպտոարժույթներից մինչև Web3 տեխնոլոգիաներ» խորագրով դասընթացի ամփոփման և հավաստագրերի հանձման արարողությունը:
 
Դասընթացն անցկացվել է հունվարի 9–16-ը «Web3 Հայաստան» հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցների իրազեկվածությունը բլոկչեյն տեխնոլոգիաների, կրիպտոարժույթների, ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) և Web3-ի հիմնարար գաղափարների վերաբերյալ։
 
Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին՝ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը շնորհակալություն է հայտնել դասընթացավարներին՝ նախարարության հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև նախարարության աշխատակիցներին արդիական գիտելիքներ, նորարարական մոտեցումներ և ժամանակակից թվային հմտություններ փոխանցելու համար։ Նախարարի տեղակալը կարևորել է նման կրթական նախաձեռնությունների շարունակականությունն ու ընդլայնումը՝ դրանք դիտարկելով որպես պետական համակարգում թվային վերափոխման և մարդկային կապիտալի կարևոր նախադրյալ:
 
Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև «Web3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը՝ կարևորելով պետական հատվածի և տեխնոլոգիական համայնքի միջև համագործակցության նշանակությունը։
 
Դասընթացի շրջանակում դասախոսություններով հանդես են եկել ոլորտի առաջատար մասնագետներ՝ «Web3 Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը, Layerswap ընկերության հիմնադիր Արամ Քոչարյանը, բիզնեսի զարգացման մասնագետ և կրիպտո էնտուզիաստ Սիլվա Գևորգյանը, Web3 համայնքի կառավարիչ և կրիպտո ոլորտի ակտիվ մասնակից Ռազմիկ Ստեփանյանը, ինչպես նաև CyberHUB-AM-ի համահիմնադիր և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Միջոցառման ընթացքում նախարարի տեղակալի կողմից վերջիններիս հանձնվել են շնորհակալագրեր։
 
Դասընթացին մասնակցել են ԲՏԱ նախարարության և ենթակա մարմինների՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ընդհանուր թվով 32 աշխատակիցներ։ Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն