Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքում նոր կառուցվող էլիտար շենքում. փրկարարներն ու պարեկները տարհանել են 15 քաղաքացու
17-01-2026 11:39:15 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
shamshyan.com․ Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գ. Սեդրակյանը։ Դեպքի մասին տեղեկանալով ժամանել է նաև Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը։ Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում։