17-01-2026 11:44:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Փաստաբանը պատմել է, թե ինչպես են գործարարին հիվանդանոցից տարել քրեակատարողական ծառայություն։
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կկարողանա կոչեր, հրապարակային հայտարարություններ անել. դատարանը վերացրել է սահմանափակումը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից երեկ հայտնեցին, որ դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և որոշել է տնային կալանք կիրառել։
Վարդևանյանի խոսքով` դատական նիստը տևել է 14 ժամ և ընդմիջվել է ընդամենը 30 րոպեով։
«Դատարանը` նախագահությամբ Վահե Դոլմազյանի, արձանագրեց, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, որքան էլ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ցանկացել էր դա։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը՝ համակցված գրավով, բացակայելու արգելքով։ Եվ մի կարևոր հանգամանք էլ` կոչերի, հրապարակային հայտարարությունների սահմանափակումը ևս վերացվեց»,– նշել է պաշտպանը։
Նա պատմել է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները գործարարին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։
«Ոստիկանության 10–ից ավել ծառայողներ գալիս, մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ` անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը, պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից` ասելով՝ գնացինք»,– նշել է Վարդևանյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։