Սիրիան՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի «միջակայքում»


 

Սիրիան՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի «միջակայքում»

  • 17-01-2026 17:11:30   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Ամերիկյան պաշտոնյաները Դամասկոսին սպառնացել են պատժամիջոցները վերահաստատել, եթե անցումային կառավարությունը «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական կազմավորման դեմ ռազմական գործողություններն ընդլայնեն: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղելով Սպիտակ տան իր աղբյուրներին: Պարբերականի տեղեկություններով, Սիրիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը, ով համատեղում է Թուրքիայում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը և ամերիկյան ծովակալ Բրենդ Կուպերը «կողմերի միջև ամենօրյա բանակցություններ են վարում՝ փորձելով կանխել հետագա սրացումները»:
 
Տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմադ ալ-Շարաայի հետ և «փորձել համոզել, որ քրդերի հետ տարաձայնությունները կարգավորի երկխոսության միջոցով»: Բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը «բացահայտ ասել է, որ քրդերի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում Սպիտակ տունը կվերանայի Դամասկոսի հետ ներկայիս հարաբերությունները»:
 
Հունվարի 16-ին Սիրիայի անցումային կառավարությունը «քրդերի իրավունքների պաշտպանության» մասին որոշում է կայացրել: Ահմադ ալ-Շարաան դիմել է երկրի քուրդ բնակչությանը և հավաստիացրել, որ նրանց քաղաքացիական և ազգային ինքնության պահպանման իրավունքները կհարգվեն: Խոսքը, մասնավորապես, պետական կրթական բոլոր հաստատություններում քրդերենով ուսուցման, մամուլ և այլ լրատվամիջոցներ ունենալու իրավունքի մասին է: Ալ-Շարաան հատուկ ընդգծել է, որ պետությունը կարտոնի «Նովրուզի ազատ տոնակատարությունը»:
 
Սիրիայում քրդական հարցի «արմատական լուծման» առաջին շահառուն Թուրքիան է: Անկարան համարում է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կառույցը «Քրդական բանվորական կուսակցության մի թեւն է, իսկ նրա ենթակայության զինված կազմավորումները նույն ահաբեկչական խմբավորումներ են և պետք է զինաթափվեն ու լուծարվեն»:
 
ԱՄՆ հանրապետական սենատոր Գրեմը, որ նախագահ Թրամփի մերձավոր գործչի համարում ունի, հայտարարել է, որ Սիրիայի քրդերը «Իսլամական պետության դեմ պայքարում Միացյալ Նահանգների ամենահուսալի դաշնակիցն են, առանց այդ աջակցության Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել»: Չնայած ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Ահմադ ալ-Շարաայի իշխանությունը, սենատոր Գերմի ասածից հետևում է, որ Սպիտակ տունը լիովին չի վստահում նրան: Հայտնի է, որ Ահմադ ալ-Շարաան ջիհադական խմբավորումների հրամանատար է եղել և հանդես է եկել ալ-Ջուլանի մարտական ծածկանունով:
 
Պաշտոնական Դամասկոսն, այսպիսով, հայտնվել է թուրքական «մուրճի» և ամերիկյան «սալի» միջակայքում: Էրդողանը հետևողականորեն պահանջում է, որ նա հասնի Սիրիայում քրդական «ահաբեկչության ոչնչացմանը», Միացյալ Նահանգները՝ զգուշացնում, որ քրդերի դեմ լայնածավալ ռազմագործողությունների դեպքում «պատժամիջոցները կվերահաստատվեն»: Խոսքն, ամենայն հավանականությամբ, միայն տնտեսական սահմանափակումների մասին չէ. Ահմադ ալ-Շարաան, երբ դեռ ալ-Ջուլանի էր, ԱՄՆ-ում ընդգրկված էր միջազգային ահաբեկիչների ցուցակում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը