Ֆրանսիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ բանաձև է ներկայացվելու
17-01-2026 17:18:50 | Ֆրանսիա | Ի՞նչ է գրում մամուլը
Ֆրանսիայի Ազգային ժողովում պատրաստվում է բանաձև, որը վերաբերում է երկրի դուրս գալուն ՆԱՏՕ-ից՝ ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի փոխնախագահ, ձախակողմյան «La France Insoumise» (LFI) կուսակցության պատգամավոր Կլեմանս Գետեն։Գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում Գետեն նշել է, որ Ֆրանսիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը վաղուց է քննարկվում, սակայն այն հատկապես արդիական է դարձել այն պայմաններում, երբ, նրա գնահատմամբ, Միացյալ Նահանգները վարում է անթաքույց կայսերական քաղաքականություն։Որպես օրինակներ՝ պատգամավորը նշել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը, ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի բռնակցման սպառնալիքները, ինչպես նաև կողոպտիչ առևտրային համաձայնագրերը, որոնք, նրա կարծիքով, ճնշման տակ պարտադրվել են Եվրամիությանը։
Գետեն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի այն պահանջին, ըստ որի դաշինքի անդամ երկրները պետք է իրենց ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը ուղղեն ռազմական կարիքներին՝ ընդգծելով, որ դա հիմնականում ձեռնտու է ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությանը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը բացահայտ ազդեցություն է ունենում նաև եվրոպական ընտրական գործընթացների վրա՝ հօգուտ ծայրահեղ աջ ուժերի։«Այս ամենը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն փաստացի իրեն ազատում է միջազգային իրավունքից և հավաքական անվտանգության մեխանիզմներից՝ Եվրամիությունը վերածելով իր վասալի»,– հայտարարել է ֆրանսիացի պատգամավորը։
Գետենի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի անդամակցության շարունակումը մի ռազմական դաշինքում, որը գլխավորում է միջազգային իրավունքի շրջանակներից դուրս եկող տերություն, անցանկալի և անընդունելի է։ Նա պնդել է, որ նման անդամակցությունը կարող է Ֆրանսիային ներքաշել հակամարտությունների մեջ, որոնք հակասում են երկրի շահերին և միջազգային պարտավորություններին։
Պատգամավորի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ից դուրս գալը Ֆրանսիային հնարավորություն կտա վերականգնել ռազմական և դիվանագիտական անկախությունը՝ միաժամանակ ակտիվ դեր ստանձնելով բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ բնապահպանության, զինաթափման և հանրային բարիքների պաշտպանության ոլորտներում։