Իրանը «կվերաբարեկամացնի՞» Թուրքիային և Ռուսաստանին
17-01-2026 17:40:02 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Հունվարի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն, Մոսկվան հանդես է գալիս «հանուն տարածաշրջանում կայունության պահպանման քաղաքական-դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու օգտին»: Նաթանյահուի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո Պուտինը կապվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որպեսզի «քննարկի ապաէսկալացիան»:
«Դիվանագիտական այդ մարաթոնը կայանում է Իրանի շուրջ բարդ իրավիճակի ֆոնին: Նրա սահմաններին մոտենում են ամերիկյան ավիակիրը և ՀՕՊ միջոցները»,- այդ առթիվ գրել է Israel Inside-ը եւ մեջբերել Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի պարզաբանումը, որ Ռուսաստանը «մտադիր է շարունակել ջանքերը, որպեսզի հաշտեցնի կողմերին՝ ձգտելով կանխել լայնածավալ բախումը, որ վերջնականապես կարող է թաղել տարածաշրջանի ընթացիկ կարգը»:
Իսրայելական «ինսայդերի» գնահատմամբ, Նաթանյահուն Պուտինի «առաջարկությունը կընդունի ի գիտության, բայց ավելին չի անի՝ քաջ իմանալով, որ Իրանի վերաբերյալ որոշումները ոչ թե Կրեմլի առանձնասենյակներում, այլ բոլորովին ուրիշ տեղ են ընդունվում»: Նա նաև արձանագրել է, որ Իրանի իրավիճակով Պուտինի հետաքրքվածությունը «խիստ առարկայական է, կապված այդ երկրից սպառազինությունների ստացման հետ»:
Պետք է, թերևս, հասկանալ, որ, հավանաբար, Իրանին ներկայացվող «հաշտության պայմանների» շարքում առկա է նաև Ռուսաստանին սպառազինությունների և հրթիռային տեխնոլոգիաների մատակարարման դադարեցման պահանջ, և Պուտինը զգուշանում է, որ Թեհրանում ռեժիմի փոփոխությունը կբերի այդ հարցում այլ որոշման:
Այս ֆոնին խիստ նյարդային և ոչ դիվանագիտական ոճի հայտարարություն է տարածել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Նրա գնահատմամբ՝ «ով նշտար է գործածում Իրանի դեմ, սպառնում է Թուրքիային, եթե թշնամիներին հաջողվի մասնատել Իրանը, ապա հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան»: Բահչելին կոչ է արել «բարոյականության, կրոնական համերաշխության և պատմական ընդհանրության նկատառումներով լիովին սատարել Իրանի եղբայր ժողովրդին»: Բահչելին Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի կոալիցիոն գործընկերն է: Նրա հնչեցրած մտքերը, որպես կանոն, գնահատվում են իբրև Էրդողանի «մտածած, բայց չհնչեցրած տեսակետ»:
Իրանի շուրջ իրավիճակը Թուրքիայի և Ռուսաստանի համար զգայուն է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Կովկասում ազդեցության առումով:Այս իմաստով չպետք է բացառել, որ Իրանը «կբարեկամացնի» կամ «կվերաբարեկամացնի» Մոսկվային և Անկարային: