Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
19-01-2026 12:47:52 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, իսկ այդ օրը սահմանել ոչ աշխատանքային։
Ռուբինյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում միայն մեկ փոփոխություն է արվել։ «Օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԱԺ փոխնախագահը։
«Հիշեցնեմ, որ նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրերի ընդունումն է։ Եվ մենք նման հիշատակի օր մենք մինչ այս պահը չենք ունեցել։ Բայց մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նման օր ունենալ, որպեսզի հիշատակենք բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին՝ հաշվի առնելով նաև վերջին տարիների իրադարձությունները, հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը և այն փաստը, որ զոհերին հիշատակելու լավագույն ձևը խաղաղ և բարեկեցիկ ապրելն է»,- ասաց Ռուբինյանը։Նա նաև պարզաբանեց, թե ինչու է ընտրվել հունվարի 27-ը։
«Մենք չենք ցանկացել ընտրել մի օր, որը որևէ մեկ ռազմական իրադարձության հետ է կապված, որովհետև անխուսափելիորեն հարց կառաջանար, թե ինչու այս օրը և ոչ մյուս օրը։ Հետևաբար, անհրաժեշտություն էր առաջացել ընտրել օր, որը կապ չունի որևէ կոնկրետ իրադարձության հետ։ Բայց նաև անհրաժեշտ էր ընտրել օր, որը որոշակի խորհուրդ կունենա իր մեջ, և մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև հունվարի 28-ին մենք նշում ենք Բանակի օրը, և այսպիսով մենք հունվարի 27-ին կհիշատակենք և կհիշենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին և կխոնարհվենք նրանց առաջ, իսկ հունվարի 28-ին՝ որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենք Բանակի օրը»,- մանրամասնեց Ռուբեն Ռուբինյանը։
Նա նաև հիշեցրեց, որ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ընդդիմադիր որոշ պատգամավորների դուր չէր եկել ընտրված օրը։ ԱԺ փոխնախագահը նշեց, որ այս ընթացքում փորձել է հարցի շուրջ կոնսենսուսի հասնել բոլոր պատգամավորների հետ, առաջարկվել են տարբեր օրեր, սակայն բոլոր առաջարկները տարբեր հիմնավորումներով ու պատճառաբանություններով ընդունելի չեն եղել այս կամ այն պատգամավորի համար։ «Ի վերջո, հասկանալով, որ հնարավոր չէ ընտրել մեկ օր, որը բոլորին կբավարարի, մենք վերադարձել ենք նախնական մեր առաջարկած օրվան, որը, կարծում ենք, ամենատրամաբանականն է»,- ասաց ԱԺ փոխնախագահը։Ռուբինյանը նաև կարծիք հայտնեց, որ սա այն նախագծերից է, որն Ազգային ժողովը պետք է ընդունի կոնսենսուսով։
«Ես առաջարկում եմ չքաղաքականացնել այս նախագիծը և բոլորով կողմ քվեարկել»,- եզրափակեց Ռուբինյանը։Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանն էլ նշեց, որ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու և պաշտոնական հրապարակման դեպքում 2026 թվականի հունվարի 27-ից սկսած՝ Հայաստանում նշվելու է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն, ու այդ օրը կլինի ոչ աշխատանքային օր։
Օրենքի նախագծի հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։