ՄՇԱԿՎՈՒՄ Է ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ<br />


ՄՇԱԿՎՈՒՄ Է ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

  • 11-06-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետական գնումների համակարգում անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ: Հունիսի 11-ին Ազգային Ժողովում այս մասին նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարը կարեւորեց պետական գնումների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որի համար ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված է որոշակի գումար: Նա հույս հայտնեց, որ գնումների էլեկտրոնային համակարգը կգործարկվի 2009 թ. սկզբում: Էլեկտրոնային գնումների համակրգի ներդրումից բացի նախարարը կարեւորեց նաեւ օրենսդրական, մարդկային ռեսուրսների, աշխատանքի կազմակերպման եւ վերահսկման հետ կապված խնդիրները: Ըստ նրա, պետգնումների համակարգը միջին եվրոպական չափանիշներին հասցնելու նպատակով մշակվել է հայեցակարգ, որով նախատեսված առաջին քայլերն արդեն արվում են: Տ.Դավթյանը նշեց նաեւ, որ Հայաստանն անդամակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում գնումների համապատասխան համաձայնագրին: Ըստ նախարարի, կառավարության վերջին նիստում ընգդունվել է Պետական գնումների գործակալության գործունեության նոր կարգի առաջին փաթեթը, որը նախատեսում է որոշակի խստացումներ, ինչպես նաեւ գործակալության գործունեության թափանցիկությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն