ՄԵԿ ԱՃՈՒՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ` ԹԵՂՈՒՏՈՒՄ<br />


ՄԵԿ ԱՃՈՒՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ` ԹԵՂՈՒՏՈՒՄ

  • 11-06-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 1600 բնակիչ ունեցող Թեղուտը ընդամենը 11 հա վարելահող եւ 71 հա տնամերձ ունի: Ընդարձակվող գյուղում տնամերձերի խիստ պակասություն է զգացվում: Գյուղապետարանը պատրաստվում է այս խնդիրը լուծել ի հաշիվ չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի: Համայնքապետարանը պատրաստվում է դիմել կառավարություն դրանց նշանակությունը փոխելու եւ այդ տարածքները բնակելի կառուցապատման համար նախատեսելու: Թեղուտը առողջարանային Դիլիջան քաղաքից ընդամենը 8 կմ հեռավորության վրա է գտնվում: Դիլիջանն էլ կառավարության որոշմամբ հանրապետության ֆինանսական կենտրոն պետք է դառնա: Թեղուտի տարածքում, նշանավոր Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին հողամաս ունենալը շատ երեւանցիների է հրապուրում: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը ներկա գտնվեց Թեղուտում մայիսին անցկացված եւ համայքներում արդեն «դասական» դարձած մեկ աճուրդի: Տավուշի մարզի Թեղուտ համայնքում կազմակերպվել էր հողամասի վաճառք: Գյուղի «Հաղարծին յալ» թաղամասում 1190 քառակուսի մետր հողամասի աճուրդի առաջարկությամբ համայնքի ղեկավար Գեւորգ Թամրազյանը դիմել էր ավագանուն, որն էլ այդ մասին որոշում էր կայացրել: Աճուրդային վաճառքի մասին հայտարարությունը տպագրվել էր «Հայաստանի հանրապետություն» օրաթերթի ապրիլի 4-ի համարում: Աճուրդի մեկնարկը հայտարարված էր ժամը 12-ին: Սակայն կեսօրին գյուղապետ Գեւորգ Թամրազյանը, ով պետք է անցկացներ աճուրդային վաճառքը, Թեղուտում չէր: Նա անձնական գործերով Երեւան էր մեկնել: Գյուղապետարանի աշխատակիցներից տեղեկանալով լրագրողի ժամանման մասին, պրն Թամրազյանը զանգահարեց մեզ եւ հայտնեց, որ աճուրդը սկսվելու է ժամը 15-ին: Սակայն սա աճուրդի կարգի միակ խախտումը չէր: Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է մրցույթից առնվազն 3 օր առաջ մասնակցության հայտ ներկայացնեին Թեղուտի գյուղապետարան: Հողամասի աճուրդային վաճառքին հայտ ներկայացրած 2 անձանց` Սեյրան Հովսեփյանի եւ Ալեքսանդր Բադալյանի հայտերում ուշագրավ զուգադիպությամբ նույն ջնջումն էր. հայտերը սկզբից լրացվել են մեկ ամսաթվով եւ հետո ջնջումներով հայտերի ներկայացման ամսաթիվը դարձել էր այլ: Ժամը 15-ին գյուղապետարանում սկսվեց բնակելի կառուցապատման նպատակով վերոհիշյալ հողամասի վաճառքը: Հողամասը օտարվում էր կադաստրային արժեքով, մեկ քառակուսի մետրը 222 դրամով, մեկնարկային ընդհանուր գինը` 265 հազար դրամ: Աճուրդը անցավ կանխատեսելի սցենարով: Երեւանի բնակիչ Սեյրան Հովսեփյանը մի քայլ կատարեց մեկնարկային արժեքի 5 տոկոսի չափով: Դրան հետեւեց մյուս մասնակցի` նույնպես երեւանցի Ալեքսանդր Բադալյանի քայլը` 5 տոկոսի չափով: Գյուղապետը փայտե մուրճիկով ազդարարեց աճուրդի ավարտը, եւ Ալեքսանդր Բադալյանը 291 հազար դրամով (947 դոլարով) տեր դարձավ 1190 քառակուսի մետր մակերեսով հողամասին, որը հենց ճանապարհի եզրին է, առանձնատների կողքին, գյուղապետի տնից 50 մետր հեռավորությամբ, կոմունիկացիաների` խմելու ջրագծի, գազատարի եւ էլեկտրական գծերի հարեւանությամբ, իսկ տեղանքից էլ հիանալի տեսարան է բացվում դեպի «Դիլիջան» ազգային պարկի անտառներ: Սեյրան Հովսեփյանը, ով մայրաքաղաքից 100 կմ ճանապարհ էր անցել աճուրդում լոկ մեկ քայլ կատարելու համար, պարտությունից իրեն վհատված չէր զգում. աճուրդից հետո նա նստեց Ալեքսանդր Բադալյանի ավտոմեքենան, եւ նրանք միասին վերադարձան Երեւան: Գյուղապետ Գեւորգ Թամրազյանի վկայությամբ, 2007թ. գյուղում թվով 7, ընթացիկ տարում` 2 հողամաս է աճուրդով վաճառվել: Այն հարցին, թե սակավահող Թեղուտ համայնքում հողերի օտարումը ի՞նչ նպատակ է հետապնդում, նա պատասխանեց. «Մի քանի նպատակ. համայնքում խնդիրներ կան լուծելու, որոնց համար ֆինանսներ են պահանջվում: Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ ջրագիծ ենք կառուցում: Այդ ծրագրում համայնքը պետք է կատարի 4.5 միլիոն դրամի ֆինանսական ներդրում: Այլ տեղից ֆինանսական օգնության հույս չունենք: Համայնքի հողերն օտարելով` մի կողմից լուծում ենք խմելու ջրի հարցը, մյուս կողմից` չօգտագործվող հողատարածքները վաղը-մյուս օրը կբարելավվեն, կկառուցապատվեն. գյուղը կընդարձակվի, որից նաեւ գյուղի բյուջեն կմեծանա, գույքահարկ, հողի հարկ կգանձվի»: Այսինքն` բոլոր առումներով դա գյուղին ձեռնտու է: Սակայն համայնքի բյուջեն էապես համալրվելու համար պետք է իսկապես աճուրդային վաճառք կայանա` մեծ թվով անձանց մասնակցությամբ: Մանավանդ որ գյուղապետն էլ ընդունում է, որ Թեղուտի 1600 բնակիչներից աճուրդին մասնակցելու համար վճարունակ մարդիկ կան: Գյուղապետը ասում է` ցանկալի կլիներ, որ աճուրդին թեղուտցիներ մասնակցեին: Գյուղապետարանի շենքի առաջին հարկի ապակուն զանազան բնույթի ազդեր են փակցվում: Սակայն այնտեղ 1190 քառակուսի մետր հողամասի վաճառքի վերաբերյալ տեղեկատվությունը չէր զետեղվել: Գյուղապետ Գ.Թամրազյանը հավաստիացնում էր, որ համայնքի բոլոր բնակիչներն էլ աճուրդային վաճառքից տեղյակ են. քանի որ ինքը համայնքի ավագանու անդամներին պատվիրել էր, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր թաղամասում տեղեկացնի աճուրդի վերաբերյալ: Գյուղապետարանի դիմաց խմբված թեղուտցիների հետ մեր զրույցը հակառակն ապացուցեց: Այդ վաճառքից անտեղյակ էր նաեւ համայնքի ավագանու ակտիվ անդամներից մեկը` Ռենիկ Բաբինյանը: Վերջինս ասաց, որ գիտեր աճուրդով հողի վաճառքի մասին, սակայն տեղյակ չէր, թե երբ է կայանալու աճուրդը: Առավել ուշագրավ էր գյուղապետի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնածը: Երբ նրան հարցրինք, թե հողամասի վաճառքի հայտարարությունը տպագրած «Հայաստանի հանրապետություն» օրաթերթի քանի՞ օրինակ է ստացվում գյուղում, նա անվարան պատասխանեց` շուրջ 50: Մեր տարակուսանքը տեսնելով, նա միայն ծուռ ժպտաց...
Նոյյան տապան  -   Տնտեսություն