Վարչապետին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման


 

Վարչապետին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման

  • 19-01-2026 18:12:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին: 
 
Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական և հետևողական ուղի։
 
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը
ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին՝ Աբու-Դաբիում։
 
2026 թվականի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։ Հանձնաժողովի անդամներն են՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Շառլ Միշել, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Մուսա Ֆակի Մահամաթ, Սուրբ Աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ՝ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ Քեթրին Ռասել, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սաիդա Միրզիյոևա,ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար՝ Նորին Գերազանցություն դատավոր Մուհամմադ Աբդելսալամը։
 
 ՀՀ կառավարություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն