Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ


 

Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ

  • 19-01-2026 17:30:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ եւ հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու եւ վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ:
 
Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը հայտնել է, որ օրենսդրական բացը լրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում կատարել լրացում եւ սահմանել լիազորող նորմ:
 
Ի թիվս այլ տվյալների՝ Տեղեկատվական համակարգում կարտացոլվեն նաեւ մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող տվյալներ, այդ թվում՝ միջոցառման անվանումը, համայնքային, մարզային, եզրափակիչ փուլերի մասնակիցների թիվն ըստ մարզերի, մասնակիցների համամասնությունը, հաղթողները, մրցանակակիրները եւ այլն: Մարզական բարձր նվաճումներին, այդ թվում՝ հաշմանդամային սպորտին վերաբերող վիճակագրական տվյալները կներառեն տարբեր մարզաձեւերում ՀՀ առաջնություններում, միջազգային մրցաշարերում ցուցաբերած մարզական բարձր արդյունքները, նվաճած մեդալների ընդհանուր թիվը եւ այլ տվյալներ:
 
Նախագծի ընդունումը կնպաստի զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին եւ մանկապատանեկան մարզադպրոցներին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքագրման եւ վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը:
 
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն