Տարածաշրջանը 2026-ին լինելու է վնասակար շահեր հետապնդողների թիրախում․ զգուշացնում է ԱՀԾ–ն
20-01-2026 14:10:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Զեկույցում ընդգծվում է, որ 2025 թվականին տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության հեռանկարների իրացման առումով։
Տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում։ Նման արձանագրում է արել ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի տարեկան զեկույցում։
«Դա կարող է արտացոլվել թե՛ ֆիզիկական սահմանափակումներով, թե՛ տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, թե՛ վնասարար այլ գործողությունների դրսևորումներով»,-նշված է զեկույցում։
Ընդգծվում է, որ 2025 թվականին տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության հեռանկարների իրացման առումով։ Նման ծրագրերի համար գլոբալ և տարածաշրջանային մրցակցության դինամիկան, ամենայն հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։
«Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ դրանք ունեն մեծ ներուժ` մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից` տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով»,- նշված է զեկույցում։
Շեշտվում է, որ տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը և մասնավորապես Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, «Թրամփի ուղի» ծրագրի իրագործումը, ինչպես նաև հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։ Այն կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել արևմուտքում՝ Հայաստան-Թուրքիա և արևելքում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար՝ սահմանի երկու կողմում։
Բացի այդ, ըստ զեկույցի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը կընձեռի տարածաշրջանում մարդկանց, բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախսարդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունն ու միջազգային գրավչությունը։