Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ


 

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ

  • 20-01-2026 18:54:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ։
 
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված մոտեցումները։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև TRIPP նախագծին՝ ընդգծելով, որ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանն ուղղված նման ծրագրերը նպաստում են փոխկապակցվածության աճին և բխում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն միջազգային համայնքի շահերից։
 
Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը Եվրոպական միության հարթակում։ Այս համատեքստում ընդգծվել է Ֆինլանդիայի հետ համագործակցության կարևորությունը նաև Հայաստանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (NB8) շրջանակի համատեքստում՝ դիտարկելով այն որպես քաղաքական երկխոսության և ոլորտային համագործակցության ընդլայնման արդյունավետ հարթակ։
 
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ֆինլանդիայի հաջողված փորձը մի շարք ոլորտներում, մասնավորապես հանրակրթության բնագավառում՝ կարևորելով այդ փորձի ուսումնասիրման և կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Նշվել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և գաղափարներին, ինչպես նաև այդ ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներ ու ներդրվող ջանքերը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն