«Սև հունվարի» հանցագործությունը միավորում է Ադրբեջանի իշխանությանը և ընդդիմությանը
20-01-2026 18:07:39 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Հունվարի 20-ը Բաքվում նշվում է որպես «ազգային-ազատագրական պայքարում նահատակվածների հիշատակի օր»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ օր առաջ է այցելել «շեհիդների ծառուղի» և մեկնել Դավոս, որտեղ հանդիպումներ է ունենում գործարար շրջանակների և բանկային ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների հետ: Նրա այդ պահվածքն արդեն իսկ վկայում է, թե «սև հունվարի հիշողությունը որքան է հարգի»:
Իրականում 36 տարի առաջ ի՞նչ է տեղի ունեցել Բաքվում: Բազմաթիվ վկայություններ կան, որ 1989թ. աշնանը ԽՍՀՄ Գլխավոր դատախազության հատուկ քննչական խումբ է գործուղվել Բաքու, որպեսզի ստուգի Հեյդար Ալիևի 1969-1982 թվականների գործունեությունը: Մինչ այդ Ադրբեջանի կոմունիստական առաջնորդ նշանակված Վեզիրովը, որ ժամանակին Հեյդար Ալիևի կողմից հալածվել և ապաստան էր գտել Մոսկվայում, կազմակերպել է, և հազարավոր մարդիկ Հեյդար Ալիևի դեմ բողոքագրեր են հղել Գորբաչովին:
Եթե քննչական խումբը կատարեր հանձնարարականը և բացահայտեր Հեյդար Ալիևի պաշտոնավարման շրջանի կոռուպցիոն գործերը, ապա Մոսկվայում նա պետք է ձերբակալվեր և ենթարկվեր քրեական պատասխանատվության: Եվ որպեսզի դա տեղի չունենա, Հեյդար Ալիևը Բաքվում և Նախիջևանում գտնվող վստահելի անձանց միջոցով կազմակերպել է բողոքի զանգվածային ցույցեր, ապա ավերվել է խորհրդա-իրանական սահմանի նախիջևանյան հատվածը:
Իհարկե, այդ ամենը քողարկվել է Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանից անջատելու և Հայաստանին միացնելու քաղաքականության դեմ ժողովրդական լայն զանգվածների վճռական բողոքի» քարոզչության ներքո: 1990 թ. հունվարի 14-ից Մոսկվայից Բաքու գործուղված բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են Վեզիրովի պաշտոնանկության գնով կարգավորել իրավիճակը, բայց՝ ապարդյուն. ցուցարարների պատվիրակությունը պահանջել է կոմկուսի կենտկոմի քարտուղար նշանակել Հասան Հասանովին, Գորբաչովը մերժել է՝ տեղեկացված լինելով, որ նա Հեյդար Ալիևի մտերիմն է:
Ինքը՝ Հեյդար Ալիևը, արդեն անկախ Ադրբեջանի նախագահի պաշտոնում խոստովանել է, որ 1990թ. հունվարի 19-ի ուշ երեկոյան Գորբաչովը զանգել է իրեն և պահանջել, որ «Բաքվի կենտրոնից հեռացնի մարդկանց»,- ինչին ինքը պատասխանել է. «Բայց դրա համար ես պետք է լիազորություն ունենամ»: Գորբաչովը մի քանի վայրկյան լռելուց հետո կապն անջատել է: Ըստ էության, Հեյդար Ալիևը Գորբաչովին գործարք է առաջարկել՝ ցրում է Բաքվի բազմահազարանոց ցույցը, եթե ինքը նշանակվի Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար և մերժում ստացել, իսկ ժամեր անց խորհրդային զորքը մտել է Բաքու:
Այդ և հետագա իրադարձությունների մասին ավելի իրազեկ անձ, քան Իլհամ Ալիևն է, հազիվ թե գտնվի: Ահա թե ինչու նա «սու հունվարի» հերթական տարելիցի օրով ոչ թե Բաքվում, այլ Դավոսում է: Ընդ որում, ինչպես նրա հանդիպումներից տարածված լուսանկարներն են վկայում, գործնական բանակցություններում նրան ուղեկցում է որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը: Բաքվի «սև հունվարը» Հեյդար Ալիևը կազմակերպել է Ժողովրդական ճակատ շարժման առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի միջոցով: Այդ է պատճառը, որ Իլհամ Ալիևի ոչ մի ընդդիմախոս իրականությունը չի բացահայտում: Հանցագործությունը, որ կատարվել է սեփական ժողովրդի և Բաքվի հայության հանդեպ, նրանց միավորում է: