1in.am Հունվարի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է «բազմաբևեռ աշխարհի կառուցմանը երկրի մասնակցության հարցը»: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը և հատուկ թվարկել քննարկման մասնակիցներին՝ վարչապետ Միշուստին, Դաշնային ժողովի նախագահ Մատվիենկո, պետդումայի խոսնակ Վոլոդին, ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդև, նախագահի աշխատակազմի ղեկավար Վայնո, ԱԽ քարտուղար Շոյգու, նախագահի օգնական Պատրուշև, ՆԳ նախարար Կոլոկոլցև, ԱԴԾ տնօրեն Բորտնիկով, ԱՀԾ տնօրեն Նարիշկին:
«Այսօր մենք երկու հարց ունենք: Մեկը վերաբերում է անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակին, երկրորդը՝ բազմաբեւեռ աշխարհի կառուցմանը մեր մասնակցությանը և այդ կապակցությամբ անելիքներին» ,- Պուտինի ներածական խոսքից մեջբերել է ՏԱՍՍ-ը և հավելել, որ դրանից անմիջապես հետո նա դիմել է արտգործնախարար Լավրովին և «խնդրել, որ այդ կապակցությամբ ներկայացնի իր նկատառումները»:
Կրեմլի մամուլի ծառայությունը որեւէ այլ տեղեկություն չի փոխանցել, ինչից կարելի է եզրակացնել, որ քննարկված երկու հարցն էլ Ռուսաստանի նախագահի անմիջական վերահսկողության տիրույթում են և չափազանց կարեւորություն ունեն: Անցած շաբաթավերջին Կրեմլի հայտնի քաղտեխնոլոգ Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական վակուում առաջանա, քանի որ այն կլցնեն Միացյալ Նահանգները, Արևմուտքը: Դուգինը բացահայտ ասել է, որ Ռուսաստանը չպետք է հաշտվի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ինքնիշխանության հետ:
Ռուսաստանի նախագահի խորհրդակցության մասնակիցների կազմը, որին արևմտյան որոշ լրատվամիջոցներ հեգնքնանքով «քաղբյուրո» են անվանում, վկայում է, որ Վլադիմիր Պուտինը նախապատրաստվում է հայեցակարգային որոշման մասին հայտարարության: Ըստ տեղեկությունների, նա «բազմաբևեռ աշխարհի» տեսլականը պետք է ներկայացներ Վալդայում, բայց «ամերիկյան կողմի հետ բանակցությունների պատճառով հետաձգել է»:
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթկոֆի և Քուշների հետ առաջիկա օրերին կհանդիպի Դավոսում: Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ նրանք կայցելեն Մոսկվա և Ռուսաստանի նախագահին կներկայացնեն «ուկրաինական կարգավորման խմբագրված առաջարկությունը»: Ըստ երևույթին, Վլադիմիր Պուտինը նման հանդիպումը «նպատակահարմար» չի տեսել և լիազորել է, որպեսզի Կրեմլի պաշտոնական տեսակետը Սպիտակ տանը փոխանցվի Դմիտրիևի մակարդակով:
Նույն օրը հայտնի է դարձել, – այս տեղեկությունը հաստատել է Կրեմլի խոսնակ Պեսկովը,- որ Թրամփը Պուտինին առաջարկել է ընդգրկվել Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդում», որտեղ հրավիրվել են նաև հետխորհրդային երկու երկրների՝ Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները: Պեսկովն ասել է, որ Մոսկվայում Թրամփի առաջարկությունն «ուսումնասիրում են»: Մեծ է հավանականությունը, որ Պուտինը հրապարակային չի մերժի Թրամփի հրավերը, բայց և չի մասնակցի նրա նախագահությամբ «Խաղաղության խորհրդին»: Իսկ թե հանդիպակաց ի՞նչ կառաջարկի նա, պարզ կլինի, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի դեմ պատերազմի չորրորդ տարելիցի օրը կամ՝ դրան ընդառաջ: