Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեին


 

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեին

  • 21-01-2026 15:22:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում տեղի կունենա արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT)  խորագրի ներքո: Հայաստանի ազգային տաղավարը կներկայանա նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen) նախագծով (համադրող՝ Սոնա Հովհաննիսյան): ԿԳՄՍ նախարարությունը այդ առիթով հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ նախագիծն ընտրվել է  նախարարության 2025 թվականի հունիսին հայտարարված մրցույթի արդյունքում:
 
Մալթայի արվեստի 2-րդ բիենալեին ներկայացվող նախագիծը քանդակային և ձայնային ինստալյացիա է, որը հանդիսատեսին հրավիրում է խորհրդածական վիրտուալ ճանապարհորդության՝ բացահայտելու տեսանելիի և անտեսանելիի, ներկայի և անցյալի հարաբերակցությունը:
 
Նախագծի հեղինակը՝ արվեստագետ Ռաֆֆի Ետալյանը, Հայաստանի նկարիչների, ինչպես նաև Լիբանանի նկարիչների և քանդակագործների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները ներառում են հուշարձաններ, ինստալյացիաներ և հանրային արվեստի նախագծեր: 2019 թվականին Ֆլորենցիայի XII բիենալեում Ռաֆֆի Ետալյանն արժանացել է Lorenzo il Magnifico ոսկե մեդալի՝ Reflection of an Enigmatic Mind ստեղծագործության համար: 2015 թվականին Վատիկանի ֆիլատելիստական և դրամագիտական գրասենյակը վերարտադրել է Ետալյանի «Սուրբ Իգնատիոս Մալոյան» կտավը, որին նվիրված նաև նամականիշ է թողարկվել: Ետալյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, արաբական երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Արվեստագետի  որոշ ստեղծագործություններ ներառված են աշխարհի տարբեր երկրների թանգարանների մշտական ցուցադրություններում և մասնավոր հավաքածուներում։
 
Մալթայի բիենալեի հայաստանյան տաղավարի համադրողը Triangle of Collaboration (ToC) մշակութային կազմակերպության համահիմնադիր և ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) անդամ, արվեստաբան Սոնա Հովհաննիսյանն է։ Նրա գործունեության հիմքում հետազոտական և միջոլորտային մոտեցումներն են, որոնք ընդգրկում են ժամանակակից արվեստի, ճարտարապետության և տարածքային մշակույթի ուղղությունները։ Սոնա Հովհաննիսյանը որպես համադրող և մասնակից հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում կազմակերպված ցուցահանդեսներում, հետազոտական ծրագրերում և բիենալեներում։ Նրա համադրողական գործունեության շնորհիվ արվեստի գործերը ներկայացվում և դիրքավորվում են միջազգային մակարդակում։
 
Այս տարի Մալթայի արվեստի 2-րդ բիենալեում ներկայացվելու է 47 նախագիծ, որոնք ընտրվել են աշխարհի 122 երկրից ստացված ավելի քան 3200 դիմումներից։ Միջոցառման մասշտաբն ընդգծվում է ազգային և թեմատիկ 29 տաղավարներով՝ բիենալեն դիրքավորելով որպես տարածաշրջանի խոշոր միջազգային մշակութային իրադարձություն։
 
Նշենք նաև, որ Մալթայի արվեստի 2-րդ բիենալեի Հայաստանյան տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանն է։
 
Մալթայի բիենալեին Հայաստանը մասնակցելու է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն