Թրամփը «կառևանգի՞» Եվրոպան


 

Թրամփը «կառևանգի՞» Եվրոպան

  • 21-01-2026 15:27:00   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 21-ին մեկնել է Դավոս: Ըստ ամերիկյան մամուլի, հաջորդ օրը նա կհրապարակի «Խաղաղության խորհրդի» կազմը և գործունեության «կանոնադրությունը»: Ակնկալվում էր, որ Դավոսում նա Վլադիմիր Զելենսկու հետ կստորագրի հետպատերազմական Ուկրաինայի «բարգավաճման» մասին փաստաթուղթը, բայց դա, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Համենայն դեպս, այս տեղեկությունն է տարածել Financial Times-ը՝ հղում անելով երեք «պաշտոնական աղբյուրի»: Պարբերականի զրուցակիցներից մեկն ասել է, որ «առայժմ ստորագրման արարողություն տեղի չի ունենա»:
 
Երկրորդ աղբյուրը մեկնաբանել է, որ եվրոպական երկրները «չեն կարող անտեսել Գրենլանդիայի նկատմամբ Թրամփի գործողությունները՝ ընդսմին ձգտելով առաջընթացի հասնել այլ հարցերում, որտեղ ԱՄՆ նախագահը նույնպես ակտիվ մասնակցություն ունի, այդ թվում՝ ուկրաինական խնդրով»: Երրորդ զրուցակիցը ավելի պարզորոշ է արտահայտվել: «Այժմ ոչ ոք Թրամփի հետ համաձայնության ցնցող տեսարանների մտադրություն չունի, Գրենլանդիայի և «Խաղաղության խորհրդի» շուրջ վեճերը «մթագնել են» ավելի վաղ ծրագրված ուկրաինական թեման»:
 
Դոնալդ Թրամփի Դավոս մեկնելու նախօրյակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «տունդարձից առաջ» նրան հրավիրել է Փարիզ՝ «ընթրիքի սեղանի շուրջ» քննարկելու հուզող հարցերը: Այլ տեղեկություններով՝ Մակրոնն առաջարկել է Փարիզում «Մեծ յոթնյակի» գագաթաժող գումարել: Ակնարկներ կան, որ Ֆրանսիայի նախագահը «Վլադիմիր Պուտինին ևս հրավիրելու մտադրություն ունի»:
 
Հունվարի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը մամուլի ասուլիս է անցկացրել և եվրոպական երկրներին կրկին մեղադրել ԱՄՆ-Ռուսաստան «համաձայնությունը խոչընդոտելու» մեջ: Լավրովը մեկնաբանել է, որ եվրոպական երկրները «ոչ մի ջանք չեն խնայում, որպեսզի Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահի նկատմամբ ազդեցություն գործեն»: ՏԱՍՍ գործակալությունը նույն օրը հայտնել է, որ Մոսկվայում «գոհ են ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ շփումներից»: Խոսքն, ըստ երեւույթին, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հատուկ ներկայացուցիչներ Դմիտրիևի և Ուիթկոֆի բանակցությունների մասին է, որ տեղի են ունեցել Դավոսում:
 
Ուկրաինայի «բարգավաճման ծրագրի» շուրջ ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագրի ստորագրման հետաձգումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ռուս-ամերիկյան վերջին բանակցություններով: Ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայի նախագահ Զելենսկին «չի մեկնի Դավոս»: Կարելի է ենթադրել, որ Դմիտրիև-Ուիթկոֆ բանակցություններում ամերիկյան կողմը Ռուսաստանի դիրքորոշման հարցում «բավարար ընկալունակություն է դրսևորել»:
 
Ռուսաստանյան մամուլի մի շարք հրապարակումներում Գրենլանդիան ԱՄՆ-ի հետ «միավորելու» Թրամփի գաղափարը գնահատվում է որպես գրեթե «կատարված փաստ»: Խնդիրն, ընդսմին, դիտարկվում է այն կտրվածքով, որ «ԱՄՆ անվտանգության համար Գրենլանդիան նույն նշանակությունն ունի, ինչ Ղրիմը՝ Ռուսաստանի»: Որոշ փորձագետներ պարզորոշ ասել են, որ «հատուկ ռազմական գործողության» ռազմավարական նպատակը «Ուկրաինան Սև ծովից կտրելն է»:
 
Դոնալդ Թրամփ- Վլադիմիր Զելենսկի «գործարքի» ստորագրման «հետաձգումը» կամ «առկախումը» ենթադրում է Ուկրաինայի արևելքում և հարավում ռազմական գործողությունների հետագա ծավալում: Զելենսկին գործընկեր երկրներին խնդրել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ հրթիռներ տրամադրել: Վերջին մի քանի օրերին Ռուսաստանը ռմբակոծել է Խարկովը և Օդեսան: Ռուսաստանյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «նախապատրաստվում է «Օրեշնիկի» ևս մեկ հարված»: Ըստ երևույթին, այս անգամ թիրախ կընտրվեն Ուկրաինայի «որոշում կայացնող կենտրոնները»: Դավոս ուղեւորվելուց առաջ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «մտադիր չէ իր հաշվին պահել ՆԱՏՕ-ն»: Ուշագրավ է, որ նա այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից մի քանի օր հետ: Թրամփը «կառևանգի՞» Եվրոպան:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը