Արաքսիա Սվաջյանը հետևել է դրսեկության ձևով փոխադրման քննությունների ընթացքին
21-01-2026 15:33:23 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում այսօր ընթացել են դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունները: Դրանց հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ:
Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 12-ն են:
Մինչ քննության մեկնարկը Արաքսիա Սվաջյանը զրուցել է աշակերտների հետ ու հաջողություն մաղթել նրանց: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ինչպես են աշակերտները նախապատրաստվել քննությանը, ինչ ակնկալիքներ ունեն, արտադպրոցական ինչպիսի նախասիրություններ ունեն և այլն:
Դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննությունների գործընթացն իրականացվում է ԿԳ նախարարի 2010 թ. հոկտեմբերի 14-ի 1507-Ն հրամանով:
Ըստ այդմ՝ հիմք է ընդունվում սովորողի՝ հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակը: Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են 1-ից 8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն: