Քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները


 

Քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները

  • 21-01-2026 16:18:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը։ 
 
Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը՝ որպես գործարար կապերի ամրապնդման և առևտրատնտեսական հարաբերությունների խորացման արդյունավետ հարթակ։
 
Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է գնում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանների բացման ուղով, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային տնտեսական համագործակցության և ներդրումների համար։
 
«Հայաստանն ու Մեքսիկան ունեն համագործակցության մեծ ներուժ, որն այս պահին ամբողջությամբ իրացված չէ։ Վստահ եմ, որ համատեղ և նպատակային աշխատանքի շնորհիվ կարող ենք էականորեն ակտիվացնել տնտեսական կապերը և կյանքի կոչել նոր փոխշահավետ նախաձեռնություններ»,- նշել է նախարար Գևորգ Պապոյանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները ագրոարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
 
Կողմերը կարևորել են տնտեսական երկխոսության ակտիվացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը քննարկված հարցերի շուրջ։
 
 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն