Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները


 

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները

  • 21-01-2026 16:50:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպին և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիին։
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանն ու Հասմիկ Ավագյանը։
 
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
 
Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Վիվիեն Լյուբզանսկիին՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա մասնագիտական փորձն ու հմտությունները կնպաստեն կառույցի արդյունավետ և ակտիվ գործունեությանը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է 2027 թ. Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը պատշաճ մակարդակով կազմակերպելու ՀՀ կառավարության հանձնառությունը։
 
«Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերին և հանձնառու է՝ բոլոր աշխատանքներն իրականացնել սահմանված բարձր չափանիշներին համարժեք։ Բյուջետային միջոցներ են հատկացված անհրաժեշտ բոլոր գործողությունների համար, նախարարությունը համագործակցում է թե՛ մարզական ֆեդերացիաների, թե՛ մշակութային հաստատությունների հետ»,- ասել է նա։
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև շեշտել է՝ խաղերի կազմակերպման հանձնառությունն ընդունելով՝ Հայաստանը միաժամանակ ստանձնել է ֆրանսերենի իմացության և ֆրանկոֆոն միջավայրի բարելավման պարտավորություն։
 
«Մեր երկրում գործում են Ֆրանսիական համալսարանը, Ֆրանս-հայկական քոլեջը, տարբեր բուհերում ֆրանսերեն սովորող բազմաթիվ ուսանողներ ունենք, մի շարք դպրոցներում որպես օտար լեզու դասավանդվում է ֆրանսերեն. վստահ ենք՝ կամավորների ներգրավման և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացման համար բավարար ռեսուրսներ կան»,- նշել է նախարարը և հավելել, որ ֆրանկոֆոն միջավայրի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք է իրականացվում՝ համագործակցելով խաղերի կազմակերպման գործընթացում ներգրավված կառույցների հետ:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Պոպը վստահություն է հայտնել, որ խաղերի անցկացումը նոր խթան կհաղորդի Հայաստանի հետ համագործակցությանը։ Նրա խոսքով՝ Երևանում կայանալիք խաղերը պատմական են լինելու՝ հաշվի առնելով, որ միջոցառումն առաջին անգամ կանցկացվի մի երկրում, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզու չէ։ Նա նաև նշել է, որ խաղերը ֆրանկոֆոն արժեքների տարածման և միջմշակութային երկխոսության խորացման հավելյալ խթան են:
 
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիին ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով համագործակցային աշխատանքը և նշել, որ դիտարկվում են խաղերի անցկացման վայրերը և նախնական գնահատականը դրական է. «Թեև դեռ չեմ հասցրել այցելել բոլոր վայրերը, սակայն մինչ այժմ տեսածը մեծ վստահություն է ներշնչում։ Միջազգային կոմիտեի դիրքորոշումն այն է, որ մեր համագործակցությունը պետք է լինի ամբողջական և լիարժեք՝ որակյալ խաղեր ապահովելու համար»,- նշել է նա։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մրցաշարերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին, գույքի ձեռքբերմանը, խաղերի հանրահռչակմանը և կազմակերպչական մի շարք այլ հարցերի։
 
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Պոպը և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին հաջորդաբար հանդիպել են նաև ՀՀ մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն