ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑԵԼ<br /> ԶԼՄ-ՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ<br />


ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑԵԼ
ԶԼՄ-ՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

  • 11-06-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 11-ի նիստում ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Առավոտ» օրաթերթի եւ www.panorama.am լրատվական կայքի հրապարակումների հիման վրա, համաձայն որոնց, շուկայում ազոտական պարարտանյութը վաճառվում է 9500-15000 դրամով` այն դեպքում, երբ պետությունը սուբսիդիա է տրամադրում այս ապրանքի համար: Համաձայն խոշոր տնտեսվարողների պարզաբանման, որ նրանք տվել են լրագրողներին, իրենք պարարտանյութը վաճառում են 5050, 6200 եւ 6800 դրամով: Ըստ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանձնաժողովը վերջերս էր ուսումնասիրել ազոտական պարարտանյութերի շուկայի կառուցվածքը եւ մայիսի 27-ի որոշմամբ «Դվին Հոլդինգ»-«Ազոտինվեստ» ընկերություններին, որպես անձանց խումբ համարել գերիշխող դիրք ունեցող եւ գրանցել համապատասխան ռեեստում («Դվին Հոլդինգ»-ը շուկայում գործող «Ազոտինվեստ»-ի հիմնադիրներից մեկն է, ինչը, ըստ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, նշանակում է, որ այս երկու ընկերությունները անձանց խումբ են համարվում եւ շուկայում հանդես են գալիս որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ): «Դվին Հոլդինգ»-«Ազոտինվեստ» անձանց խումբը գրավում է շուկայի 81,2 տոկոսը: Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Շեն-Կոնցեռն» ընկերության դիմումը` համակենտրոնացման մասին: «Շեն-Կոնցեռն»-ը դիմել էր Հանձնաժողով` հայտնելով, որ իր բաժնետերերից մեկը իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը մտադիր է վաճառել ընկերության մյուս երկու խոշոր բաժնետերերին: Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ընկերությունը ներկայացրել է երեք խոշոր բաժնետերերի համակենտրոնացման հայտարարագրերը` ակնկալելով ստանալ համաձայնություն նշված գործարքի կատարման վերաբերյալ: Հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը, եկել է եզրակացության, որ նշված գործարքը (ձեռքերումը) կատարվում է մեկ ընկերության շրջանակներում, ինչը ազդեցություն չի ունենա մրցակցային դաշտի վրա եւ որոշմամբ վարույթը դադարեցրել է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն