Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան


 

Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան

  • 21-01-2026 18:00:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։ 
 
Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային պրոֆեսիոնալ համակարգման, գործընկերային ու մարդկային վերաբերմունքի համար։ 
 
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյան / Narek Mkrtchyanին, ում ոլորտային առաջնորդությամբ աշխատել ենք թիմային փոխվստահության մթնոլորտում և ում հետ միասին հաղթահարել ենք հետճգնաժամային իրավիճակները, հեղինակել և ներդրել ենք համակարգային նշանակության մի շարք նախագծեր.
- Կենսաթոշակների հետվճարի ծրագիրը,
- Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիրը,
- Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության 2 ծրագրերը, որոնց շնորհիվ տեղահանված շուրջ 5,500 ընտանիք ունեցան իրենց տունը,
- Ժողովրդագրության ռազմավարությունը և դրանից բխող մի շարք ծրագրեր,
- Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը,
- Կենսաթոշակների և նպաստների անկանխիկի սահուն անցման բարեփոխումները,
- Անաշխատունակության և մայրության նպաստների ռեֆորմը, որով թվայնացվեցին բոլոր գործընթացները,
- Կենսաթոշակային ռոֆորմի նախագիծը,
- Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային տասնյակ համակարգերի գործարկումը՝ ի շնորհիվ «Նորք» տեխնոլոգիական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի։
 
Հպարտ եմ այն թիմով, որի հետ աշխատել եմ։ Մասնագիտական, նվիրված և արժանապատիվ մարդիկ, ովքեր ամեն օր փորձել են պետական համակարգում թողնել իրական արժեք:
 
Պետական ծառայությունը ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն։
 
Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար»:
 
 
 

 

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն