Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան


 

Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան

  • 22-01-2026 13:36:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններին»:
 
Փոխվարչապետն Մհեր Գրիգորյանն այսօր կառավարության նիստում հարցրեց՝ Կապանի օդանավակայանը կարո՞ղ է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. «Այսինքն՝ մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»:
 
Ի պատասխան փոխվարչապետի հարցի՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը պատասխանեց. «Նման իրավական հիմք է ստեղծվում, որովհետև գործող կոնցեսիոն պայմանագրով կա որոշակի սահմանափակում, որ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, ապա գործող կոնցեսիոնեռն ունի առավելություն՝ կառավարումը ստանձնելու։ Սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից»։
 
«Միջազգային օդանավակայան դարձնելու համար Սունիքի օդանավակայանը պետք է համապատասխան սարքավորումներ ու համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային ու այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվեն այնտեղ», - ասաց նա:
 
2023 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ` Երևան-Կապան ավիաչվերթով, որից հետո հայտարարվեց, որ կլինեն կանոնավոր չվերթներ:
 
Կապանի օդանավակայանը ադրբեջանական դիրքերից մոտ 100- 200 մետր հեռավորության վրա է գտնվում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը