Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 16 ավագ և թիվ 194 հիմնական դպրոցներ


 

Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 16 ավագ և թիվ 194 հիմնական դպրոցներ

  • 22-01-2026 15:20:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը հերթական չնախատեսված այցն են կատարել ուսումնական հաստատություններ, այս անգամ՝ Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց և Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց:

Երևանի թիվ 16 ավագ դպրոցում պաշտոնյաները, մասնավորապես, հետաքրքրվել են՝ ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվել աշակերտները հոսքերն ընտրելիս, ո՞ր առարկաներն են խորացված ուսումնասիրվում, կողմնորոշվե՞լ են մասնագիտության հարցում, արդյոք նույն առարկայի՝ ամենօրյա ուսումնասիրումը նպաստո՞ւմ է դպրոցական գիտելիքով միասնական քննություններին նախապատրաստվելուն և այլն: Աշակերտները նշել են, որ նախագծային աշխատանք իրականացնելիս դերերի բաշխում է կատարվում և ուսուցչի ղեկավարությամբ կատարվում է թիմային աշխատանք: Նախարարի տեղակալն առանձնակի շեշտել է նախագծային աշխատանքների բովանդակության կարևորությունը, ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները՝ որպես Հանրակրթության պետական չափորոշչի առանցք, ինչպես նաև տարբեր առարկաների ինտեգրման պարտադիր անհրաժեշտությունը: Երևանի թիվ 16 ավագ դպրոցում սովորում է 435 աշակերտ:
 
Հաջորդ կանգառը Երևանի թիվ 194 հիմնական դպրոցն էր, որտեղ սովորում է շուրջ 1600 աշակերտ: Հաստատությունն ընդգրկված է «300 դպրոց» ծրագրում. ներկա պահին ընթանում են շինարարական աշխատանքներ: Արաքսիա Սվաջյանը շրջել է դպրոցում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել աշակերտների հետ՝ 9-րդ դասարանցիներից հետաքրքրվելով՝ պատրաստվում են ավարտական քննություն հանձնել թեստայի՞ն, թե՞ նախագծային աշխատանքի ձևաչափով: Աշակերտները ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ հիմնավորելով ընտրությունը: Նախարարի տեղակալին հետաքրքրել է նաև՝ ի՞նչ դժվարությունների են հանդիպում աշակերտները էսսե գրելիս: Արաքսիա Սվաջյանի խոսքով` նախագծային աշխատանքն ու էսսեն կարևոր են աշակերտների վերլուծական կարողությունները, քննադատական մտածողությունը ձևավորելու և զարգացնելու առումով: Աշակերտների հետ զրույցում անդրադարձ է եղել նաև կրթությունն ավագ դպրոցում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում շարունակելու հարցին. այս համատեքստում ընդգծվել է մասնագիտական կողմնորոշման խմբակի դերը:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու խորհրդականը դպրոցների ղեկավարների հետ քննարկել են նաև դասապրոցեսի իրականացմանը, դպրոցի ղեկավարմանը, մանկավարժական գործունեության կազմակերպմանը և ուսումնական պլանին առնչվող հարցեր: Կարևորվել է մանկավարժական խորհուրդների, մեթոդմիավորման նիստերի արձանագրությունների համալիր բովանդակության ապահովումը՝ արված աշխատանքի, ընթացիկ խնդիրների մատնանշման և արդյունավետ լուծումների ապահովման տեսանկյունից: Առանձնակի շեշտվել է նաև ուսուցիչների մասնագիտական զարգացումն ուսուցման գործընթացում օրակարգային հարց դարձնելու անհրաժեշտությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն