Կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները
22-01-2026 15:45:14 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կառավարությունը սահմանել է Քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի նկարագիրը և աշխատակարգը, համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու, այդ թվում՝ համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու, դիմումն անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններ հարցումներ կատարելու, համապատասխան տեղեկություններ և եզրակացություններ, համակարգի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը, քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը:
Ըստ այդմ, մասնավորապես՝ նախատեսվել է քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի կողմից կատարվող անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, համակարգում էլեկտրոնային հայտ ներկայացնելու, էլեկտրոնային հայտի վարման և նախնական ուսումնասիրություն կատարելու ընթացակարգեր։ Ներդրված է նաև էլեկտրոնային հայտի շտկման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անձին նախապես՝ մինչև դիմումը ներկայացնելը, հավաքագրելու անհրաժեշտ փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում կատարելու ուղղումներ։ Նման մեխանիզմը հեշտացնում է վերջիներիս կողմից քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնել համար դիմելու գործընթացը։
Կարգավորվել են հերթագրվելու և լիազոր մարմին այցելելու մեխանիզմները, ինչը կնպաստի հերթերի բեռնաթափմանը և անձանց առավել արդյունավետ ծառայությունների մատուցմանը։ Արդյունքում՝ կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների տնտեսական արդյունավետությունը, կխնայվեն ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը և հասանելիությունը, կպարզեցվեն գործող ընթացակարգերը։