Փոփոխություններ՝ կամավոր ատեստավորման գործընթացի իրավակարգավորումը ավելի հստակ դարձնելու համար
22-01-2026 15:50:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է կարգավորել ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները՝ բացառելով գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ծագած խնդրահարույց հարցերն ու դրանց ոչ միանշանակ հետևանքները: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշմամբ ներկայացվում է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը, որը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող և ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը:
Մինչև փոփոխություններին անդրադառնալը՝ նախարար ներկայացրել է մի քանի ցուցանիշ, որը տալիս է ընդհանուր պատկեր այս ոլորտում Կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ. «Կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղություն էր՝ ներդնել մեխանիզմներ, որոնք մի կողմից կխրախուսեին ուսուցիչների մասնագիտական զարգացումը, մյուս կողմից էլ այդ մասնագիտական զարգացման արդյունքները ճանաչելով՝ կբերեին վարձատրության բարձրացման։ Պետք է մի թվային ցուցանիշից սկսեմ, որն այն ցուցանիշն է, թե ինչքան միջոց էր պետությունը ուղղում այս նպատակին, օրինակ՝ 2018 թվականին։ 2018-ին մենք ունեինք ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման ընդամենը 1 ծրագիր, որին հատկացված էր 263 մլն դրամ։ 2025-ին մենք արդեն ունենք 5 ծրագիր այս ուղղություններով, որոնցից խոշորը կամավոր ատեստավորումն է, և 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի վրա պետությունը ուղղել է ավելի քան 15 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ սա մեր կայուն և հետևողական քաղաքականությունն է, և սրա արդյունքում նաև այսօր մենք ունենք 9602 ուսուցիչ, որոնք արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը։ Դրանք մեր ուսուցիչների շուրջ 31 տոկոսն են, և արդեն իսկ բարձրացված վարձատրություն են ստանում։ Վերջին խումբը միացավ այս գործընթացին անցած տարեվերջին, և հունվարին առաջին անգամ կստանա հավելավճարները»:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կամավոր ատեստավորման այս ցուցանիշները միևնույն ժամանակ չեն չեղարկում անընդհատ գործընթացը դիտարկելու և լավարկելու Կառավարության հանձնառությունը։ «Անընդհատ քննարկումները բերում են շարունակական փոփոխությունների։ Այս նախագծով մի քանի կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին, և մյուսները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ուզում են ուսուցիչ աշխատել։ Կարգով նախատեսված փոփոխություններով մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա ևս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը։ Սա նշանակում է, որ մեր ուսուցիչները, բացի իրենց առարկաները դասավանդելուց, նոր չափորոշչի համաձայն, կարող են նաև վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի և շատ կարևոր մասն է, և, հետևաբար, եթե ուսուցիչը բացի, օրինակ, «Ֆիզիկա» առարկան դասավանդելուց՝ նաև Ֆիզիկայի նախագծային աշխատանքներ է ղեկավարում, ապա այդ ժամերը ևս կհաշվեն», -ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կարգավորվում է այն իրավիճակը, երբ ուսուցիչն արդեն երկրորդ կամ երրորդ անգամն է մասնակցում ատեստավորմանը. «Այս պարագայում ֆիքսում ենք, որ եթե հավասար արդյունք ցուցաբերի, ապա ուսուցչի հավելավճարի չափը կպահպանվի, և կսահմանվի նոր հնգամյա ժամկետ։ Այսինքն՝ եթե 2-րդ անգամ մասնակցեց և ունեցավ հավասար արդյունք, հավելավճարի չափը պահպանվում է, բայց նոր հնգամյա ժամկետ է սահմանվում։ Եթե երկրորդ անգամ ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս, հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով։ Բնականաբար, ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում, երբ որ մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով»։
2-րդ խումբ փոփոխությունը, որը վերաբերում է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց, հիմնվում է «Հանրակրթության մասին» օրենքի վերջին փոփոխության վրա։ «Մասնավորապես՝ ես ուզում եմ հիշեցնել, որ հանրակրթության օրենքում մենք վերջին տարիներին մի քանի փոփոխություն արեցինք. ճկունություն ցուցաբերելով և հնարավորություն տալով, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա դրան կարող են մասնակցել նաև տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժի որակավորում ունեցող, կոնկրետ դասընթացներ մանկավարժահոգեբանական հմտությունների ուղղությամբ անցած մարդիկ: Վերջին փոփոխությամբ օրենքով մենք սահմանեցինք, որ եթե ունեն հարակից ոլորտի մասնագիտական բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ, եթե կամավոր ատեստավորված են, ապա նույնպես կարող են աշխատել ուսուցիչ, և այս խմբի համար հիմա ստեղծում ենք կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն։ Երկրորդ խումբը մեր ուսանողներն են։ Մենք հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք տվել, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կկարողանա դասավանդել։ Հիմա մենք այս ուսանողներին հնարավորություն ենք տալիս կամավոր ատեստավորման մասնակցել»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է չզեկուցվող փաթեթով ընդունված որոշումներից մեկին, որը վերաբերում է արտադպրոցական հաստատությունների՝ արվեստի, սպորտի դպրոցների մանկավարժներին. «Նրանք նույնպես 2023 թ.-ից ատեստավորման հնարավորություն են ստացել՝ կրկին կամավորության հիմունքներով: 2023 թ.-ից սկսած այդ գործընթացն իրականացվում է: Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով լավարկեցինք գործող կարգը, որով նաև համատեղությամբ աշխատելու դեպքում նրանք կկարողանան համատեղության վայրից նույնպես ստանալ լրավճար, եթե նույն ուղղությամբ են դասավանդում համատեղության վայրում։ Այս հստակեցումն այս պահին կարող է վերաբերել շուրջ 290 մանկավարժի, որոնք արդեն ատեստավորված են»։
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ 2025 թ. ատեստավորումն իրականացվել է ամբողջությամբ նոր ուղղություններով և ավելի շատ թվով մարդիկ կարողացել են մասնակցել։ Ատեստավորված մանկավարժների 77.2 տոկոսը արվեստի ոլորտի ներկայացուցիչներն են, և 22.8 տոկոսը՝ սպորտի։
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ քանի որ շատ տարբեր են արտադպրոցական հաստատությունները և համայնքային մարզադպրոցները, և արվեստի դպրոցները շատ տարբերվում են իրենց դրույքաչափերով, ֆիքսված հավելավճարներ են տրվում, ոչ թե տոկոսային, ինչպես ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում էր, և 90-100 տոկոսի պարագայում ստանում են 138 300 դրամ հավելավճար պետական բյուջեից, 80-89 տոկոսի պարագայում՝ 111500 դրամ հավելավճար և 70-79 տոկոսի պարագայում՝ 80 600 դրամ հավելավճար։
Նշվել է նաև, որ պետության կողմից ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման տարբեր ծրագրի արդյունքներով ներկայում 13 ուսուցիչ ամսական շուրջ 700 հազար դրամ վարձատրություն է ստանում, 70 ուսուցիչ ստանում է 600-700 հազար դրամ, 220 ուսուցիչ ստանում է 500-600 հազար դրամ, 1362 ուսուցիչ ամսական 400-500 հազար դրամ է ստանում, 2952 ուսուցիչ էլ 300-400 հազար դրամ է ստանում:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ատեստավորման վերջին փուլից հետո թվերն էապես լավարկվել են. «Հավելյալ խթան ներդնելով՝ կարծում եմ կկարողանանք գործընթացում ընդգրկել բոլոր ուսուցիչներին: Կարևոր է նշել նաև, որ ուսուցիչների շրջանում ատեստավորումից հետո մասնագիտական ցանցեր են ձևավորվել,որոնք ակտիվ համագործակցում և աջակցում են միմյանց»: