Կապահովվի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումը
22-01-2026 16:06:27 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելը և ծրագրի շրջանակում տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին աջակցության տրամադրումը։ Հաշվի առնելով, որ 2025 թ. գյուղատնտեսական տարվա համար նախկին 50-60 %-ի փոխարեն իրականացվել է ապահովագրավճարի 70-80 %-ի սուբսիդավորում, սակայն պրոդուկտների վաճառքի վրա դա էականորեն չի անդրադարձել, որոշմամբ առաջարկվում է 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումն ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում (ծիրան՝ 40%, այլ մշակաբույսեր՝ 60%)։
Ապահովագրական ընկերությունների մասնակցությունը խթանելու նպատակով որոշմամբ 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար, առաջարկվում է, որ պետությունը աջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ աջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը: Ընդ որում, փոխհատուցման հաշվարկում ներառվող փաստացի իրականացված վնասի գնահատման ծախսերի առավելագույն չափը տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ, սահմանում է գործակալության խորհուրդը: Միաժամանակ հստակեցվել է, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրական հատուցումների ստացման համար կարող են դիմել յուրաքանչյուր ամսվա արդյունքներն ամփոփելուց հետո։