Ադրբեջանի տնտեսական անկումը և Ալիևի քաղաքական հավակնությունները համադրելի չեն
22-01-2026 16:12:30 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշներով ԱՊՀ երկրներից վերջին տեղում Ադրբեջանն է: Այդ մասին գրել է Բաքվի իշխանական haqqin.az-ը: Վկայակոչելով իր երկրի պաշտոնական վիճակագրական տվյալները, լրատվամիջոցն արձանագրել է, որ անցած տարում Ադրբեջանի տնտեսությունը կառավարության նախատեսած 4,1-ի փոխարեն «աճել է ընդամենը 1,4 տոկոսով»: Նման կտրուկ անկման պատճառը նավթի արդյունահանման ծավալների կրճատումն է:
Ադրբեջանը, չնայած Իլհամ Ալիևի և կառավարության բազմիցս արված հավաստիացումներին, շարունակում է մնալ «նավթային ասեղի վրա նստած»: Տնտեսության որևէ այլ ճյուղ չի կարող փոխհատուցել այն վնասները, որ առաջանում են նավթի արդյունահանման և, բնականաբար, արտահանման ծավալների հետևողական կրճատման արդյունքում: Ըստ վիճակագրական տվյալների, անցյալ տարվա ընթացքում ադրբեջանական նավթի մեկ բարելը վաճառվել է միջինը 70 դոլարով: Դա այն դեպքում, երբ կառավարությունը բյուջեն կազմել էր բարելի 65 դոլար գնի հաշվարկով:
Նավթագազային ոլորտի փորձագետների գտնում են, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատման պատճառը «համակարգային է»: Խոսքը վերաբերում է նավթարդյունաբերության տեխնոլոգիական արդիականացմանը, որ պահանջում են մեծածավալ ներդրումներ: Վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Ադրբեջանում արդյունահանվել է 27, 7 միլիոն տոննա նավթ, որ մոտ հինգ տոկոսով պակաս է, քան՝ դրան նախորդած տարում: Ինչ վերաբերում է բնական գազին, ապա արդյունահանման ծավալներն աճել են ընդամենը 0,7 տոկոսով:
Ադրբեջանի իշխանական մամուլն այս տվյալները հրապարակել է, երբ Իլհամ Ալիևը երրորդ օրն է՝ Դավոսում է և հանդիպումներ է ունենում գործարար և բանկային շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչների հետ: Նրան ուղեկցում է նաև որդին՝ հանդես գալով որպես պետական Socar նավթագազային ընկերության ներկայացուցիչ: Պարզ է, որ Ալիևը ձգտում է շտկել նավթագազային ոլորտում առկա խնդիրները, ամենից առաջ՝ հասնել տեխնոլոգիական վերազինման:
Այս համատեքստում Միլլի մեջլիսի իշխանական պատգամավոր Մուսաբեկովը խոսել է Ադրբեջանի «ինքնապաշտպանական կարողություններն ամրապնդելու անհրաժեշտության» մասին: Նա բացահայտ ասել է, որ Ռուսաստանը «կարող է սպառնալիքներ հարուցել»: Մուսաբեկովը չի բացառել, որ եթե «կրոնապետությունը պահպանվի և դիրքերը լիովին վերականգնի, ապա Իրանը կրկին կայսրեական հավակնություններ կդրսեւորի»: Պատգամավորը «շատ չնչին» է գնահատել Հայաստանից Ադրբեջանին «սպառնալիքը», բայց հավելել է, որ այդ «հավանականությունը լիովին բացառելի չէ»:
Վերջին դիտարկումն, անշուշտ, բացահայտ քարոզչական է կամ պետք է հակառակ իմաստով ընկալել: Բայց Ռուսաստանի և Իրանի դեմ «ինքնապաշտպանական կարողությունների ամրապնդումը» Բաքվին չափազանց թանկ կարժենա ամենից առաջ ֆինանսական և դրանից բխող՝ սոցիալ-տնտեսական առումով: Տարեսկզբից Ադրբեջանում ընդհանուր առմամբ քսան տոկոս աճել են տրանսպորտի, վառելիքի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման սակագները: Ադրբեջանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներով Հարավային Կովկասում վերջին տեղն է զբաղեցնում: Ադրբեջանի տնտեսական անկումը և Ալիևի հավակնությունները համադրելի չեն: