Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով. ԱԳՆ


 

Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով. ԱԳՆ

  • 22-01-2026 17:52:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ դոլար անդամավճար վճարել։ 

 «Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։

Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասաց Բադալյանը։Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի կանոնադրությանը միանալու հրավերը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը