Հրապարակվել է ԱՄՆ նախագահի գլխավորած Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը
22-01-2026 18:16:44 | ԱՄՆ | Ի՞նչ է գրում մամուլը
Հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած միջազգային մարմնի՝ Խաղաղության խորհրդի կանոնադրության ամբողջական տեքստը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։Կանոնադրությունը կցվել է տասնյակ համաշխարհային առաջնորդներին ուղարկված հրավերներին, որոնց առաջարկվել էր միանալ պատերազմից հետո Գազայի կառավարումը վերահսկող Խաղաղության խորհրդին, որը նախագահելու է Թրամփը։Կանոնադրության մեջ Գազան մասնավորապես չի հիշատակվում, ինչը հաստատում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Խաղաղության խորհուրդն օգնի նաև աշխարհի այլ հակամարտությունների լուծմանը։Կանոնադրության մեջ նշվում է, որ երկարատև խաղաղությունը պահանջում է պրագմատիկ դատողություն, ողջամիտ լուծումներ և քաջություն՝ հեռանալու այնպիսի մոտեցումներից և կառույցներից, որոնք չափազանց հաճախ են ձախողվել։Նշվում է, որ միայն կայուն, արդյունքների վրա կենտրոնացած գործընկերությունը կարող է ապահովել խաղաղություն այն վայրերում, որտեղ այն չափազանց երկար ժամանակ անհասանելի է եղել։«Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում», - ասված է կանոնադրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ Խաղաղության խորհրդում անդամակցությունը սահմանափակվում է խորհրդի նախագահի կողմից մասնակցելու հրավիրված պետություններով և սկսվում է այն պահից, երբ պետությունը տալիս է իր համաձայնությունը հետևել այս կանոնադրությանը։«Յուրաքանչյուր անդամ պետություն կծառայի ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով՝ սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո, որը կարող է երկարաձգվել Նախագահի կողմից: Երեք տարվա անդամակցության ժամկետը չի տարածվում այն անդամ պետությունների վրա, որոնք Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա ընթացքում Խաղաղության խորհրդին կհատկացնեն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար կանխիկ միջոցներ»,- ասվում է կանոնադրության մեջ:
Համաձայն կանոնադրության՝ ցանկացած անդամ պետություն կարող է անմիջապես դուրս գալ Խաղաղության խորհրդից՝ նախագահին գրավոր ծանուցում տրամադրելով։Նաև նշվում է, որ Խաղաղության խորհուրդը քվեարկում է իր օրակարգում ընդգրկված բոլոր առաջարկների, այդ թվում՝ տարեկան բյուջեների, դուստր կազմակերպությունների ստեղծման, ավագ գործադիր պաշտոնյաների նշանակման և հիմնական քաղաքականության որոշումների շուրջ, ինչպիսիք են միջազգային համաձայնագրերի հաստատումը և խաղաղության կառուցման նոր նախաձեռնությունների իրականացումը։Նախագահը միշտ պետք է նշանակի նախագահի պաշտոնի իրավահաջորդ։
Խաղաղության խորհուրդը կունենա իր Գործադիր խորհուրդը, որն ընտրվում է նախագահի կողմից և կազմված է համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդներից։Ամբողջական փաստաթղթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։