ՔՊ-ն խստացնում է դիտորդներին ներկայացվող պահանջները. ընդդիմությունից հակաժողովրդվարական քայլ են որակում


 

ՔՊ-ն խստացնում է դիտորդներին ներկայացվող պահանջները. ընդդիմությունից հակաժողովրդվարական քայլ են որակում

  • 23-01-2026 14:28:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում մեկ հարց է. քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով իշխանական պատգամավորներն առաջարկում են խստացնել դիտորդական առաքելություններին ներկայացվող պահանջները՝ կապված քաղաքական չեզոքության և ֆինանսական աղբյուրների բացահայտման հետ:
 
ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացնող իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի պնդմամբ՝ գործող կարգավորումներով հստակ չեն մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել, երբ խախտվում է քաղաքական զսպվածության պահանջը: Նախագծի հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է: «Այսինքն՝ արդեն գործող կանոնի հստակեցումը և առկա մեխանիզմների ընդլայնումը»,- մանրամասնեց Ջուլհակյանը:
 
Պատգամավորն ասաց՝ դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը:
 
«Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները և դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք ու անաչառ: Գործող ՀՀ Ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը և ապահովում երաշխավորելու համար:
 
Օրենսդրական նախաձեռնությունը միտված է նշված բացի շտկմանը, ընտրական գործընթացների նկատմամբ չեզոքության, թափանցիկության և իրավական կանխատեսելիության ամրապնդմանը», - ասաց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
 
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը այն որակեց հակաժողովրդավարական և բոյկոտեց քննարկումը: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ իշխող ուժն այն հեղինակել և բերել է արտահերթ կարգով ընդունման՝ առանց լայն քննարկումների: Ընդդիմադիր պատգամավորն այն բնորոշեց որպես «մերձիշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ»:
 
«Հավատարմագրումնից զրկելու են այն անձանց, որոնց գնահատականներն ու խոսքերը այս կամ այն քաղաքական ուժի քննադատություն է պարունակում ՝ ներկայացնելով որպես հակաքարոզչություն» ,- հայտարարեց Մինասյանը:
 
Նախագիծը քննարկվում է 24 ժամյա ռեժիմով, առաջին ընթերցմամբ այն ընդունվեց: Այս քվեարկությունից հետո կգումարվի ևս մեկ նիստ՝ երկրորդ ընթերցման քննարկում կազմակերպելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը