Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը. Սարգիս Խանդանյան


 

Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը. Սարգիս Խանդանյան

  • 23-01-2026 15:20:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը: Այս մասին հունվարի 23-ին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
 
Հանձնաժողովի նախագահը, նշելով, որ երկու երկրների հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, շեշտել է, որ Հայաստանը հետաքրքրված է Մեքսիկայի հետ տնտեսական կապերն ակտիվացնելուն: Ողջունելով Մեքսիկայի Պատգամավորների պալատում Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծումը՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարեւորությունը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոն երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում կարեւորել է Հայաստանում Մեքսիկայի դեսպանություն բացելու հանգամանքը:
 
Սարգիս Խանդանյանը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել մեր երկրի համար պատմական կարեւոր ժամանակաշրջանում. 30 տարուց ավելի ձգվող հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, որը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար:
 
Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Լատինական Ամերիկայում ընթացող զարգացումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն