TikTok-ում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ. ՆԳՆ-ն զգուշացնում է
23-01-2026 15:25:30 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունից:
«Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին անգամ փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), ինչը հետագայում կարող է հանգեցնել Ձեր դրամական միջոցների հափշտակմանը։
Հորդորում ենք Ձեզ
չանցնել կասկածելի հղումներով
չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ
Հիշեք՝
ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային և անձնական տվյալներ։
ՀՀ պետական և սոցիալական մարմինները օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am)»: