Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը
23-01-2026 15:45:15 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացած բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի թիվ 93-Ա որոշմամբ հավանության արժանացած կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը: Օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը կերկարացվի մինչև 2067 թվականը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքել էր, որ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. «Այսինքն՝ ունենալու ենք երրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»: