Երևանում դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են բենզա- և գազալցակայաններ


 

Երևանում դադարեցվել, ապա նաև ապամոնտաժվել են բենզա- և գազալցակայաններ

  • 23-01-2026 16:00:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա իրականացված հետազոտությունների արդյունքում Երևան քաղաքում դադարեցվել է երկու լցակայանների գործունեությունը: 
 
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից 2025 թվականին հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Ռոստովյան 20/2 հասցեում շահագործվող «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանում, Դավիթ Բեկի 126/2 հասցեում շահագործվող «Դավիթ Բոբոխյան» ԱՁ-ին պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում:
 
Հրդեհատեխնիկական հետազոտությունների ընթացքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության համար:
 
Հիմք ընդունելով արձանագրված վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի որոշմամբ նշված հասցեներում գործող օբյեկտների գործունեությունը դադարեցվել է մինչև խախտումների ամբողջական վերացումը:
 
Տեսչական մարմնի մասնագետների կողմից տնտեսվարողների հետ իրականացված հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում թե՛ բենզալցակայանը և թե՛ հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանը տնտեսվարողների կողմից ապամոնտաժվել են:
 
 ՔՏՀԱՏՄ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն