Վարդան Օսկանյանը՝ Հայաստանի ողորմելության ճարտարապետ


 

Վարդան Օսկանյանը՝ Հայաստանի ողորմելության ճարտարապետ

  • 23-01-2026 16:26:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Հայաստանի դժբախտության «ճարտարապետը» Վարդան Օսկանյանն է: Ասվածն ամենևին էլ վերագրում չէ: Նա հեղինակային հոդված է հրապարակել եւ վկայել, որ 1998թ. մայիսին, Ռոբերտ Քոչարյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ հետո, ՌԴ արտաքին գործերի նախարար Եվգենի Պրիմակովի «հրավերով» մեկնել է Մոսկվա, որտեղ լսել է հետևյալը. «Իշխանափոխությունը չի հանում ԼՂ շուրջ տարածքները վերադարձնելու պահանջը»:
 
Ի՞նչ է արել Օսկանյանը: Նա Պրիմակովին խնդրել է, որ Մերձդնեստրի կարգավորման «ընդհանուր պետություն» առաջարկությունը կիրառվի նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Պրիմակովը գաղափարն ընդունել է, բայց Հեյդար Ալիևը՝ մերժել: Դեսպան Կազիմիրովը վկայել է, որ երբ այդ մասին Ադրբեջանի նախագահին ասել են, նա արձագանքել է. «Պարոնայք, դուք կատակո՞ւմ եք»: Օսկանյանն ինքն էլ մի քանի անգամ հրապարակային ասել է, որ Երևանը և Ստեփանակերտը համաձայնել են «ընդհանուր պետությանը», բայց քանի որ Հեյդար Ալիևը մերժել է, այն նույնիսկ չի քննարկվել:
 
Օսկանյանը նաև վկայել է, որ մեկ տարի հետո, Հեյդար Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո, Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է բանակցությունների հիմնական հարցը՝ Մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ: Նախկին արտգործնախարարի ասածից հասկացվում է, որ Քոչարյանը խորհրդատվություն է խնդրել, ինչը շատ բնական և օրինաչափ է: Երկրի նախագահին ի՞նչ խորհուրդ է տվել նրա արտաքին գործերի նախարարը: «Մենք եկանք եզրակացության, որ կարևոր չէ, թե Ալիևը Հայաստանից ինչ է պահանջում, այլ՝ որ նա համաձայն է տալ Լեռնային Ղարաբաղը»,- ավելի քան երկու տասնամյակ հետո իր և Ռոբերտ Քոչարյանի քննարկումների արդյունքն այսպես է ձևակերպել Վարդան Օսկանյանը:
 
Կարելի է միայն պատկերացնել Հեյդար Ալիևի ուրախությունը, երբ ԼՂ կարգավորման «փուլային» տարբերակը մերժած և այդ «ալիքի վրա» իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Մոսկվայում «ընդհանուր պետություն» սկզբունքով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու առաջարկություն է արել: Իսկ որ Օսկանյանի հետ հանդիպումից հետո Պրիմակովը նրան այդ մասին անմիջապես է իրազեկել, կասկածել պետք չէ: Դե իսկ Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելուն Երևանի համաձայնությունը Հեյդար Ալիևի համար չափազանց թանկ նվեր էր:
 
Թող տպավորություն չստեղծվի, թե տողերիս հեղինակը «հետին թվով խրոխտանում է»: Մեղրին Լեռնային Ղարաբաղով, անգամ «սուվերեն միջանցքների փոխանակման» սկզբունքով ղարաբաղյան կարգավորման հասնելու վերաբերյալ մերժողական տեսակետ հայտնել եմ «Գերագույն խորհուրդ ակումբի» 2001թ. մարտի 30-ին Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում կազմակերպված քննարկմանը: Այդ ելույթը տպագրված է, վերջերս ֆեյսբուքյան իմ էջում տեղադրել եմ, ցանկացողները կարող են կարդալ և համոզվել, որ ասել եմ՝ չի կարելի Հայաստանի սուվերեն տարածքի նույնիսկ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվին ԼՂ հարցը «լուծել»:
 
Վարդան Օսկանյանը որակել TRIPP նախագծի իրականացման քայլերի մասին հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված հայտարարությունը «ողորմելի» է որակել: Եթե կարճ ասվի, ապա Հայաստանի գործող իշխանությունը փորձում է մաքրել Հայաստանին ողորմելիության հետքերը, որ քառորդ դար առաջ պատերազմ շահած երկրի ճակատին խարանել է Վարդան Օսկանյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը