1in.am Ռուսաստանը ընդհուպ մոտեցել է ստագֆլյացիայի եզրագծին: Տնտեսության «արգելակումն ուղեկցվում է բարձր սղաճով»: Ընթացիկ տարվա հունվարին գնաճը երկու անգամ գերազանցել է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը և միջին –վիճակագրական առումով հատել մոտ երկու տոկոսի սահմանը: Այս եզրակացության է եկել Մակրոտնտեսական վերլուծությունների և կարճաժամկետ կանխատեսումների կենտրոնը, ըստ որի՝ Ռուսաստանի իրական ՀՆԱ-ն «աճում է տարեկան ընդամենը 0,3-0,4 տոկոսով»: Այդ մասին գրել է «Նեզավիսիմայա գազետան»:
Զուգահեռաբար «Կոմերսանտը» հրապարակել է ծնելիության համահավաք ինդեքսի վերջին տվյալները, որ արտացոլում են Ռուսաստանի ժողովրդագրական ցուցանիշներն անցյալ տարվա դեկտեմբերի դրությամբ: Ըստ այդմ, ծնելիության համահավաք ինդեքսը կազմել է 1,374՝ նախանցյալ տարվա 1,4-ի դիմաց: Ծնելիության համահավաք ինդեքսը ժողովրդագրական ցուցանիշը, որ պատասխան է հարցին, թե տասնհինգից մինչև հիսում տարեկան միջին-վիճակագրական ռուսաստանցի կինը քանի՞ երեխա կարող է ունենալ:
Լրատվամիջոցը պարզաբանել է, որ գիտականորեն հաստատված ուսումնասիրությունների համաձայն երկրի բնակչությունը գոնե առկա մակարդակով պահպանելու համար այդ ինդեքսը պետք է լինի մեկ կնոջ հաշվով 2,1: Առկա ցուցանիշը բացահայտ վկայում է, որ Ռուսաստանում բնակչության թվաքանակը պահպանելու լրջագույն խնդիր կա: Ընդսմին, հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ծնելիության համահավաք ինդեքսը համեմատաբար բարձր է Չեչնիայում, Տուվայում և Յամալ-Նենեցական օկրուգում, իսկ ամենացածրը՝ Լենինգրադի մարզում և Մորդովիայում: Ծայրահեղ ցածր ցուցանիշ է արձանագրվել նաև Ռուսաստանի կողմից «ազատագրված» Սևաստոպոլ քաղաքում, ինչը, երևի, բնորոշ է նաև Ղրիմին, բայց այդ մասին վիճակագրությունը հասկանալի պատճառներով լռում է:
Հունվարի 22-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում հայտարարել է, որ «պատերազմը կդադարի, երբ Ռուսաստանը փող չի ունենա»: Նա եվրոպական երկրներին և Թայվանին խիստ քննադատել է Ռուսաստանին հրթիռների արտադրության համար տեխնոլոգիաներ վաճառելու մեջ: Ավելի վաղ նա ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է առնվազն ևս մեկ տարի շարունակել պատերազմը»:
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի և Ռուսաստանի նախագահ Պուտինի բանակցությունների մասին տեղեկատվությունից հասկանալի է դարձել, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը շարունակում է մնալ տեսական հնարավորություն, իրականում մարտական գործողությունները շարունակվելու են: Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ պայքարին միացել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Եթե ստեղծված տնտեսական և ժողովրդագրական իրավիճակի մասին ահազանգում են Մոսկվայում գործող վերլուծական կենտրոնները, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ եզրակացություններ են արվում անկախ փորձագետների կողմից:
Ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Դավոսում հաջողվել է նավթագազային ոլորտում ներդրումների գոնե նախնական պայմանավորվածությունների հասնել: Ալիևի աշխատակազմին առընթեր «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուն վստահաբար ասել է, որ Ռուսաստանի լրջագույն փորձությունը «դեռ առջևում է», քանի որ նրա «էներգետիկ ենթակառուցվածքները մաշվում են»: Ադրբեջանցի փորձագետը համոզված է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանում «անջատողական շարժումներ է արթնացնելու»: Նա Ռուսաստանի համար Կենտրոնական Ասիայի «կորուստն այլևս կատարված փաստ» է գնահատել և կանխատեսել, որ եթե Պուտինը փորձի «վերահնազանդեցնել Ադրբեջանին, ապա նրա դեմ կկանգնի ոչ միայն ադրբեջանական բանակը, այլև՝ Թուրքիան»: