Ոչ պետական դպրոցները՝ կրթական համակարգի զարգացման մի մաս. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Մեկ ձայն» ասոցիացիայի համաժողովին
23-01-2026 18:23:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է «Մեկ ձայն» ասոցիացիայի հոբելյանական համաժողովին, որն անցկացվել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցում:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ոլորտային կառույցների ղեկավարներ, ոչ պետական դպրոցների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն էր ամփոփել ասոցիացիայի հնգամյա գործունեությունը, անդրադառնալ ոչ պետական կրթության ոլորտում առկա զարգացումներին և խնդիրներին, ինչպես նաև ուրվագծել համագործակցության և ոլորտային համերաշխության հետագա ուղղությունները։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ասոցիացիայի գործունության 5-ամյակը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոչ պետական դպրոցների հետ ինստիտուցիոնալ երկխոսությունը. «Մեր առաջին առնչությունն ասոցիացիայի հետ կրթական համակարգի համար ամենադժվար և ճգնաժամային ժամանակահատվածում էր, երբ համավարակի պայմաններում ստիպված էինք առերեսվել կրթության շարունակականության ապահովման լուրջ խնդիրների: Եվ առաջին հերթին կարևոր էր այն գիտակցումը, որ ճգնաժամը ոչ միայն դժվարացնում, այլև ստիպում է համախմբվել և ձևակերպել սեփական օրակարգը: Ոչ պետական դպրոցների ասոցիացիայի ձևավորումն ինստիտուցիոնալ առումով շատ կարևոր փոփոխություն է, և արդեն տևական ժամանակ միասին քննարկում ենք ձեր դիտարկումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել մասնակից դպրոցներին երկխոսության համար:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է հանրակրթության համակարգում ոչ պետական դպրոցների գործառույթներին:
«Համակարգի զարգացման համար ոչ պետական դպրոցների դրական փորձը շատ կարևոր է. ինչպե՞ս ենք հաճախ օգտագործում այլընտրանքային մոտեցումները, և ինչպե՞ս դրանք կարող են դառնալ իրողություն հանրակրթության ընդհանուր համակարգում: Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն ձեզ համար՝ որպես այդ համակարգը ներկայացնող դպրոցների, այլև առաջին հերթին պետության համար՝ որպես կրթական համակարգի զարգացման գլխավոր պատասխանատուի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` շեշտելով հավաքական պատասխանատվության կարևորությունը կրթության որակի բարելավման հարցում:
Ըստ Ժաննա Անդրեասյանի` պետությունը պատրաստակամ է աջակցելու ոչ պետական դպրոցներին` կրթության պետական ստանդարտների և միասնական սկզբունքների ապահովման հարցում: Ամփոփելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է շարունակական երկխոսության դերը և ընդգծել, որ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ զարգացման նոր օրակարգով առաջ գնալու համար։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և «Մեկ ձայն» ասոցիացիայի ներկայացուցիչները:
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Կրթությունը որպես հավաքական պատասխանատվություն. միասնական լինելու կարևորությունը» թեմայով: