ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական առաջնահերթությունը Երկիր մոլորակի արևմտյան կիսագնդում հեգեմոնիան է


 

ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական առաջնահերթությունը Երկիր մոլորակի արևմտյան կիսագնդում հեգեմոնիան է

  • 24-01-2026 16:23:51   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Հունվարի 23-ին ԱՄՆ պատերազմի նախարարությունը հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարության հիմնական ուղղությունները: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ-Նովոստին՝ հղելով ամերիկյան մամուլին: Փաստաթղթում Ռուսաստանը գնահատված է որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների համար «մշտական, բայց կառավարելի սպառնալիք»: Պենտագոնի բնորոշմամբ՝ ուկրաինական պատերազմը վկայում է, որ Ռուսաստանը «դեռևս ունի ռազմական և արտադրական նշանակալի պահուստներ և պատրաստվում է իր սահմանների մոտ տևական պատերազմի»:
 
Միացյալ Նահանգների պատերազմի նախարարության կանխատեսումը, որ Ռուսաստանն իր սահմանների մոտ «տևական պատերազմի է պատրաստվում», ամենայն հավանականությամբ, արված է ինչպես քաղաքական զարգացումների տրամաբանության, այնպես էլ՝ հետախուզական և այլ բնույթի վերլուծական տվյալների վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեսզբին Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է «բազմաբևեռ աշխարհակարգի» հարցը:
 
Անգամ թռուցիկ դիտարկումը բավարար է, որպեսզի պարզ լինի, որ առանց հետխորհրդային տարածքի «վերաինտեգրման» Ռուսաստանը չի կարող նոր «աշխարհակարգում բևեռ լինել»: ԱՄՆ պաշտպանության նոր ռազմավարության փաստաթղթում արձանագրված է, որ Միացյալ Նահանգների դաշնակիցներն «Ռուսաստանից ուժեղ են» և բերված է Գերմանիայի օրինակը, որի տնտեսությունը գերազանցում է Ռուսաստանին, մի երկիր, որ մտել է տնտեսական ստագֆլյացիայի և ժողովրդագրական ճգնաժամի փուլ:
 
Խիստ կարևոր է նկատել, որ փաստացի անոնսավորելով հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի ռազմա-տնտեսաքաղաքական հավակնությունները, Միացյալ Նահանգները ռուսաստանյան սպառնալիքից միայն ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունն է հասցեագրում Եվրոպային՝ իրեն վերապահելով «կրիտիկական աջակցություն ցուցաբերելու» հանձնառությունը:
 
Հետխորհրդային երկրներից Ղազախստանը, Ուզբեկստանը, Հայաստանը և Ադրբեջանը մասնակցել են ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նիստին: Նույն օրվա վերջին Ռուսաստանի նախագահ Պուտինը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թամփի հատուկ բանագնացներին: Հաջորդ օրն Աբու-Դաբիում մեկնարկել են ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունները, որտեղ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ԶՈՒ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության պետ ծովալ Կոստյուկովը: Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքերը հեռանան Դոնեցկի մարզում իրենց զբաղեցրած վերջին դիրքերից:
 
Ընդ որում, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հստակ ասել է, որ «տարածքային հարցերը պետք է կարգավորվեն Անքորիջում համաձայնեցված բանաձեւով»: Դա նշանակում է Ուկրաինայի ինքնիշխան տարածքի մոտ մեկ քառորդի Ռուսաստանին բռնակցում: Իսկ ո՞րն է Ռուսաստանի տևական պատերազմի պատրաստվելու մոտիվացիան: Հետխորհրդային երկրների հնազանդեցո՞ւմ: Վերջերս ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը պատմական անդրադարձ կատարելով՝ ճակատագրական է բնորոշել նաեւ 1919 թվականը:
 
Դա բոլշեւիկյան Ռուսաստանի և Բրիտանական կայսրության միջև դիվանագիտական շփումների հաստատման կամ, ավելի ճիշտ, Արևմուտքի կողմից սպիտակգվարդիական շարժմանը դավաճանելու տարին է: Դավոսի խորհրդաժողովից հետո ԱՄՆ պատերազմի նախարարության հրապարակումն, ամենայն հավանականությամբ, Դոնալդ Թրամփի աշխարհաքաղաքական ուղերձն է, Միացյալ Նահանգները կենտրոնանում է Երկիր մոլորակի արևմտյան կիսագնդում բացարձակ հեգեմոնիա հաստատելու առաջնահերթության վրա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը