Դոնալդ Թրամփը Ալիևի դինաստիական իշխանությունը չի՞ ճանաչել
24-01-2026 18:00:01 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Հունվարի 23-ին Դոնալդ Թրամփը սոցիալական անձնական հարթակում գրառում է կատարել և հանրայնացրել, որ փոխնախագահ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս առթիվ Kyiv Post անգլիալեզու պարբերականը հրապարակել է Ռաուֆ Արիֆօղլուի հոդվածը: Վերջինս նախկինում հանդիսացել է ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը և ունի «տեղեկացված լրագրողի» համարում: Արիֆօղլուի հոդվածն ադրբեջաներեն թարգմանությամբ վերահրապարակել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության «Ազադլըգ» պաշտոնաթերթը: Այն առցանց տարբերակով գործում է Ցյուրիխում:
ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի կապակցությամբ ադրբեջանցի լրագրողը դիտարկել է, որ նախկինում մեկ անգամ՝ 2008թ.-ին Դիկ Չեյնին այցելել է Ադրբեջան, բայց Հայաստան չի այցելել, իսկ 2022-ին, ընդհակառակը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսը այցելել է Հայաստան, բայց Ադրբեջան՝ ոչ: Այս համատեքստում նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել իրողությանը, որ ԱՄՆ փոխնախագահը Վրաստան չի այցելի՝ երևի ակնարկելով, որ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության վրացական ուղղությունը «մնում է անհասկանալի»:
Հրապարակման հետաքրքրությունը, թերևս, այն է, որ հեղինակը շոշափում է Ադրբեջանի ներքաղաքական կյանքին ամերիկյան կողմի «հնարավոր միջամտության» խնդիրը և ուղղակի հարցադրում անում. «Փոխնախագահ Վենսը նախագահ Ալիևին քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ կներկայացնի՞»,- և մասնավորեցնում, որ խոսքն առաջին հերթին ԱԺՃ կալանավորված առաջնորդ Ալի Քերիմլիի մասին է:
Այս թեման ինչո՞ւ է տեղ գտել մի հոդվածում, որ ընդհանուր առմամբ քննարկում է Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությունը, փորձում կանխատեսել, թե ԱՄՆ փոխնախագահին որքանո՞վ կհաջողվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը դարձնել անշրջելի: Ինչպես հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տարածած լուսանկարներից և տեսանյութերից, Իլհամ Ալիևը Դավոս է մեկնել, կարելի է ասել, «հանդերձ ընտանյոք»: Փորձագետները հատկապես կարևորել են էկոնոմիկայի նախարար Ջաբարովի հետ կրտսեր Հեյդար Ալիևի բանակցություններին ներկայությունը՝ որպես Socar պետական ընկերության ներկայացուցիչ:
Հայտնի է, որ Դավոսի խորհրդաժողովի վերջին օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իլհամ Ալիևի հետ առանձին հանդիպում է ունեցել: Տարածվել է լուսանկար, որ պատկերում է Թրամփին, Ալիևին, նրա տիկնոջը և ավագ դստերը: Խմբային լուսանկարում կրտսեր Հեյդար Ալիևը բացակայում է: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ նախագահը Ադրբեջանի «թագաժառանգի» հետ լուսանկարվելուց ձեռնպահ է մնացել, որպեսզի քաղաքական անխուսափելի շահարկումների տեղիք չկա: Բացառված չէ, սակայն, որ Դոնալդ Թրամփը կրտսեր Հեյդար Ալիևին «թագաժառանգ չի ճանաչել»:
Խիստ ուշագրավ է, որ ուկրաինական անգլիալեզու պարբերականը մի քանի օր առաջ ծավալուն հարցազրույց է ունեցել ԱԺՃ առաջնորդ Քերիմլիի տիկնոջ հետ: Վերջինս հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ աշխարհի այլ տոտալիտար առաջնորդներ ԱՄՆ կողմից ենթարկվում են պատժամիջոցների, «անգամ առևանգվում և ենթարկվում քրեական պատասխանատվության, իսկ Իլհամ Ալիևը շարունակում է քաղաքական հարյուրավոր ընդդիմախոսներին պահել բանտերում և մնալ անպատիժ»: Այս հարցը ԱՄՆ փոխնախագահ Վենսի ադրբեջանական «քեյսում» կա՞: Դոնալդ Թրամփը չի՞ ճանաչել Ալիևի դինաստիական իշխանությունը: