Խորհրդարանում հյուրընկալվել է Բուլղարիայի պատվիրակությունը
26-01-2026 15:24:32 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեւի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ալխաս Ղազարյանը եւ Էսթեր Այվազյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Բուլղարիայի միջպետական հարաբերությունները՝ հիմնված բարեկամ երկու ժողովուրդների ջերմ եւ եղբայրական կապերի վրա: Ըստ նրա՝ երկկողմ արդյունավետ գործակցության զարգացմանը եւ խորացմանն առավել նպաստել են բարձրաստիճան փոխայցերը, իսկ խորհրդարանական դիվանագիտության դերն առանձնակի նշանակություն ունի: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է արձանագրել նաեւ վերջերս երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել:
Նշելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության հռչակագրով նախատեսվում է նաեւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում Բուլղարիայի հետ առեւտրատնտեսական համագործակցության տեսանկյունից նոր հեռանկարներ կբացվեն: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բուլղարիայի գործընկերների դրական արձագանքը խաղաղության գործընթացին:
2026 թվականի մայիսին Երեւանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը (COP17): Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների շրջանակում Բուլղարիայի գործընկերներին Երեւանում հյուրընկալելու հնարավորություն կլինի:
ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանի գնահատմամբ Բուլղարիան՝ որպես բարեկամ երկիր, առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար: Բաբկեն Թունյանը եւս երախտագիտություն է հայտնել բուլղարական կողմին խաղաղության համաձայնագրի հարցում կառուցողական դիրքորոշման համար: Բարեկամական խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության պայմաններում հարեւան երկրների հետ համագործակցության խորացման կողմնակից է:
Նման այցերը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում արդյունավետ եւ նպատակաուղղված համագործակցության զարգացմանը: Նման կարծիք էլ հայտնել է բարեկամական խմբի անդամ Ալխաս Ղազարյանը:
Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանեւը եւս կարեւորել է բարեկամական խմբերի մակարդակում փոխգործակցությունը, որը երկկողմ կապերի ընդլայնման արդյունավետ ազդակ է:
Քննարկվել են նաեւ տնտեսական կապերի խորացման, խորհրդարանական համանման հանձնաժողովների համագործակցության, տարբեր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու հեռանկարները: Կարեւորվել է Սոֆիայի եւ Երեւանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, որը կնպաստի նաեւ զբոսաշրջային հաղորդակցությանը, քաղաքացիների միջանձնային շփումներին եւ բիզնեսի զարգացմանը: Ընդգծվել է բուլղարահայ համայնքի զգալի դերակատարությունը Բուլղարիայի հասարակական կյանքում եւ երկու պետությունների հարաբերությունների զարգացման գործում: