«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին․ Արաքսիա Սվաջյան


 

«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին․ Արաքսիա Սվաջյան

  • 26-01-2026 15:29:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Կրթության միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցած վերանշանակման պաշտոնական արարողությանը և դրան հաջորդած պանելային քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագրի ղեկավար Տաթև Ասատրյանը:
 
Պաշտոնական արարողությանը հաջորդել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» խորագիրը կրող պանելային քննարկումը՝ նվիրված դասական երաժշտության կարևորությանը վաղ մանկական տարիքում: «Սիմֆոնիկ հեքիաթներ» կրթական մոդուլը մշակվել է 2025 թվականին՝ «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագրի շրջանակում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։ Ծրագիրը փորձարկվել է Հայաստանի 5 համայնքում․ այն նպատակ ունի փոքր տարիքի երեխաների համար ընկալելի և ճանաչելի դարձնել դասական երաժշտությունը։ «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագիրը հիմնադրվել է մաեստրո Սմբատյանի կողմից՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին՝ ընդգծելով՝ դրա հիմքում որակյալ և հասանելի կրթություն է, որն ապահովում է երեխայի բազմակողմանի զարգացում․ «Երեխայի զարգացման գործում անփոխարինելի դերակատարում ունեն արվեստն ու մշակույթը։ Որպես պատասխանատու գերատեսչություն՝ ԿԳՄՍՆ-ի համար շատ կարևոր է բոլոր մակարդակներում արվեստի կրթության հնարավորությունների ընձեռումը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տարբերակներով։ Երեխաները պետք է վաղ տարիքից մշակույթային տարբեր միջոցառումների մասնակցելու, դիտելու, ունկնդրելու հնարավորություն ունենան»:
 
Արասքսիա Սվաջյանի խոսքով՝ «Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին՝ նրանց մոտ նոր ձևաչափով մեծացնելով հետաքրքրությունը թե՛ երաժշտության, թե՛ հեքիաթների նկատմամբ:
 
Նրա համոզմամբ՝ հաշվի առնելով համատեղ նախաձեռնության հաջող արդյունքը՝ ծրագրի ավարտից հետո նախադպրոցական կրթության համակարգում հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխություն՝ լավարկելով նաև նախադպրոցական կրթության չափորոշիչը:
 
Արաքսիա Սվաջյանն առանձնակի կարևորել է նաև նախադպրոցական հաստատություններում անհրաժեշտ պայմանների ու ենթակառուցվածքների ապահովումը. «Ծրագրերն ու գաղափարներն իրագործելի են, երբ կան պատշաճ միջավայր, բավարար պայմաններ ու ենթակառուցվածքներ: Այս ուղղությամբ պետությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ուսումնական հաստատությունները բարեկարգվում են, ամբողջովին հագեցվում նոր գույքով, այդ թվում՝ երաժշտական կրթության գործիքներով։ Պետությունը կարևորում է նաև մասնագետների խրախուսումը․ ստեղծվում են վերապատրաստման և ատեստավորման հնարավորություններ»:
 
Միջոցառման ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը շնորհավորել է մաեստրո Սմբատյանին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան վերանշանակվելու առիթով՝ ընդգծելով արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը։
 
«Ուրախ եմ, որ կրկին վերանշանակվում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, ինչը փաստում է, որ մեր համագործակցությունը երկուստեք արդյունավետ է։ Ինձ համար շատ կարևոր է, որ երեխաների համար արժեք ստեղծելու ևս մեկ հնարավորություն ունեմ»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն