Մոսկվան ծրագրում է համալրել «միջուկային տերությունների ակումբը»


 

Մոսկվան ծրագրում է համալրել «միջուկային տերությունների ակումբը»

  • 26-01-2026 16:44:52   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Փետրվարի 5-ին սպառվում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի գործողության վերջնաժամկետը: Այն 2010թ. ապրիլի 8 –ին Պրահայում ստորագրել են Ռուսաստանի անունից ստորագրել է նախագահի պաշտոն զբաղեցրած Դմիտրի Մեդվեդևը, Միացյալ Նահանգների կողմից՝ Բարակ Օբաման: 2022թ. օգոստոսին Ռուսաստանը մերժել է ռազմական միջուկային օբյեկտներում տեսչական շրջայց կատարելու մասին ԱՄՆ դիմումը՝ պատճառաբանելով, որ Միացյալ Նահանգները «Ուկրաինային հարձակողական սպառազինություններ է մատակարարում»: 2023թ. փետրվարի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌՀՍ մասին պայմանագրի գործողությունը 2026թ. փետրվարի 5-ին կասեցնելու մասին հրամանագիր է ստորագրել:
 
Պայմանագրի գործողության վերջնաժամկետը լրանալուն ընդառաջ «Կոմերսանտը» հարցազրույց է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հետ, որ ունի երկու հիմնական ուղերձ, երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման «ավելի հուսալի միջոց, քան միջուկային զենքն է, մարդկությունը դեռեւս չի հայտնագործել» և առաջիկա տասնամյակների կտրվածքով «միջուկային տերությունների ակումբն ընդլայնվելու է»:
 
Ռուսաստանն, ինչպես հայտնի է, հանդես է գալիս որպես բազմաբևեռ աշխարհի «ճարտարապետ»: Այս առումով «միջուկային տերությունների ակումբի ընդլայնման» մասին ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի, այսինքն՝ Պուտինի, տեղակալ Մեդվեդևի կանխատեսումը, կարծես, վկայում է, որ Մոսկվան մտադիր է որևէ երկրի կամ նույնիսկ մի քանի երկրի միջուկային ռազմական տեխնոլոգիաներ տրամադրել: «Միջուկային խաղաղ ծրագրի իրականացման և ատոմային զենքի արտադրության սահմանը խիստ հարաբերական է»,- ասել է Մեդվեդևը՝ նկատել տալով, որ ներկայումս «տասնյակ երկրներ միջուկային հետազոտություններ են անում»:
 
Կարելի է, թերևս, ենթադրել, որ Մեդվեդեւի նկատառումները քարոզչական են: Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ շատ բարդ բանակցությունների մեջ է, և, գուցե, հերթական անգամ գործի է դնում «միջուկային ապոկալիպսիսի» սպառնալիքը: Բայց պետք է հաշվի առնել, որ ռազմավարական նշանակության խնդրի նման բարձր մակարդակով ձևակերպումն արդեն իսկ քաղաքական լուրջ քայլ է, որ կունենա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցության էֆեկտ:
 
Կարճ «վազքուղում», անշուշտ, խնդիրը հետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության լեգիտիմացումն է: Ուկրաինական կարգավորումն, սկզբունքորեն, այդ մասին է: Միջնաժամկետ հեռանկարում ՌԴ-ն կարող է հետխորհրդային տարածքում տեղաբաշխել «Օրեշնիկ»՝ ինչպես Բելառուսում: Իսկ երկարաժամկետ հեռանկարում Մոսկվան, հավանաբար, ծրագրում է հետխորհրդային որևէ երկրի «միջուկային տերությունների ակումբի անդամ» կարգել: Ո՞վ է «թեկնածուն», առայժմ դժվար է ենթադրել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը